Հայաստանում իրականացվող թավշյա հեղափոխության օրերին իրադարձություններին ուշադրությամբ հետևում, մասնակցում ու իրենց ուժերի ներածի չափով աջակցում էին նաև Սփյուռքի մեր հայրենակիցները։ Հայտնի է, որ բողոքի ակցիաներ տեղի են ունեցել աշխարհի ամենատարբեր երկրներում Հայաստանի դեսպանատների առջև, նույնիսկ եղել է դեսպանատուն մուտք գործելու, Սերժ Սարգսյանի նկարն այնտեղից հեռացնելու միջադեպ։ Ամենախիստն ու ամենադյուրագրգիռն այս գործընթացին արձագանքեց մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը։
Մոսկվայում 24 հայի մեղադրանք է առաջադրվել՝ ապրիլի 22-ին հանրահավաքի մասնակցելու համար։ Նրանց բերման են ենթարկել եկեղեցու տարածքից, դատական կարգով գրեթե բոլորի նկատմամբ 10 հազար ռուբլու չափով տուգանքներ են սահմանվել։
«Առաջին լրատվական»-ը կապ հաստատեց նրանց փաստաբան, Հայ-ռուսական ԱՐՄՌՈՍ իրավաբանական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանի հետ, ով ներկայացրեց գործի մանրամասները։
«Այո՛, իսկապես, ապրիլի 22-ին մի խումբ մարդկանց, այդ թվում՝ հայերի, բերման են ենթարկել եկեղեցու տարածքից և մեղադրում են չարտոնված հանրահավաքի մասնակցելու համար։ Նրանց նկատմամբ ոչ թե քրեական, այլ վարչական իրավախախտման մեղադրանք է ներկայացվել։ Ոստիկանության փոխանցմամբ՝ նրանք մասնակցել են հանրահավաքի, հնչեցրել քաղաքական պահանջներ՝ Հայաստան վերադառնալու կոչեր։ Հիշեցնեմ՝ դրանք այն օրերն էին, երբ Հայաստանում իրականացվում էր թավշյա հեղափոխություն, ինչի արդյունքում իշխանություն փոխվեց՝ Նիկոլ Փաշինյանը դարձավ երկրի ղեկավար»,- ասաց Կիրակոսյանը։
Փաստաբանը շարունակում է. «Այդ մարդիկ ոստիկանական բաժանմունք են տեղափոխվել, անցկացրել այնտեղ մի ամբողջ գիշեր, և թույլ չէին տալիս, որ նրանց մոտ փաստաբան մտնի։ Ես անձամբ մի քանի ժամ փորձել եմ մտնել ներս, բայց որոշում կար՝ փաստաբանին ներս չթողնել։ Ընդ որում, բերման ենթարկված քաղաքացիները պահանջել են փաստաբան, բայց նրանց փոխանցել են, որ փաստաբան չկա կամ եկել է առանց համապատասխան թույլտվության, ինչն իրականությանը չի համապատասխանում»։
Ռուբեն Կիրակոսյանը նշում է՝ բերման ենթարկվածներից մի քանիսը պահանջել են թարգմանիչ, ոմանք ինքնազգացողության հետ կապված խնդիրներ են ունեցել, բայց նրանց խնդրանքները չեն բավարարվել. «Առավոտյան նրանց ազատ են արձակել ոստիկանական բաժանմունքից՝ պայմանով, որ իրենք ինքնակամ ներկայանան դատարան։ Մայիսյան տոներից հետո դատաքննությունը սկսվեց, շարունակվեց ամբողջ մայիս ամսվա ընթացքում և մինչև երեկ շարունակվում էր։ Մենք ֆիզիկապես, անշահախնդիր, որքան որ կարողացանք, օգնել ենք մեր հայրենակիցներին և հասել նրան, որ մեծ մասի նկատմամբ մինիմալ տուգանք է նշանակվել, բայց նույնիսկ դա է շատերի համար մեծ գումար, որովհետև նրանց մեջ կան ուսանողներ, չաշխատող մարդիկ, և վճարման հետ կապված դժվարություններ ունեն»,- փոխանցեց փաստաբանը։
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիք ունեն այս ամենի մասին բերման ենթարկված քաղաքացիները, իրենց դատարանում մեղավոր ճանաչե՞լ են. «Նրանց վարկածը ոչ ոք չի ստուգում, դատարան են ներկայացվել թղթեր, որոնք հենց այդ գիշեր ոստիկանության աշխատակիցներն են ներկայացրել, բոլոր գործերով՝ նույն սխալներով, ոստիկանության նույն աշխատակիցների գրած ցուցմունքների պատճեններն են ներկայացվել, որտեղ նույնիսկ ոչ ամսաթիվը, ոչ ստորագրությունները չեն համընկնում»։
Փաստաբանը պահանջել է, որպեսզի ոստիկանության այդ աշխատակիցները ներկայանան դատարան, տեսանյութեր հրապարակվեն, որպեսզի պարզ դառնա, թե ինչ կոչեր են հնչեցվել, բայց դատարանը համարել է, որ այդ երկու աշխատակիցների ցուցմունքը միայն բավարար է. «Մենք ապագայում էլ կլինենք մեր հայրենակիցների կողքին և կապացուցենք նրանց անմեղությունը»։
Մեր այն հարցին՝ արդյոք ոստիկանության հետ բախումնե՞ր են եղել հանրահավաքի ընթացքում, Ռուբեն Կիրակոսյանն արձագանքեց. «Ես անձամբ բերման ենթարկելու պահին այնտեղ չեմ եղել, ավելի ուշ եմ իմացել և գնացել ոստիկանության բաժանմունք։ Տեսանյութեր կան, և ամեն ինչ պարզ է, մարդիկ պարզապես երեխաների, կանանց հետ եկել են եկեղեցու մոտ հավաքվել ու բերման ենթարկվել։ Մոսկվայում պարզապես վերջին 20 տարվա ընթացքում այլ տեղ չկա, որպեսզի մարդիկ նման իրավիճակներում հավաքվեն, մտքերի փոխանակում իրականացնեն, իրավիճակը քննարկեն, այսինքն՝ չկա հարթակ, ուր հայ համայնքը կարող է հավաքվել։ Օրինակ՝ շատերը ամբողջական տեղեկատվություն չեն ունեցել, հստակ պատկերացւոմ չի եղել, թե հայրենիքում ինչ է կատարվում։ Մարդիկ ուղղակի հավաքվել են, ինֆորմացիա են փոխանակել, թե սպոնտան այլ բան է անցկացվել՝ դա այլ հարց է, և խնդիրն, ըստ իս, այն է, որ համայնքային կյանքը կազմակերպված չէ Ռուսաստանում»։










































