Ռայան Ռեյնոլդսը ոչ միայն կարողանում է կատակել իր աստղային կնոջ թեմայով, այլ նույնքան վարպետորեն էլ նրան սեր է խոստովանում։ Թեկուզ և էլի՝ կատակի ձևով։ The Weekly Review պարբերականին վերջերս տված հարցազրույցում երկու դուստրերի հայր, 41-ամյա դերասանը վերջնականապես հերքեց հնարավոր բաժանման մասին լուրերը. «Ինձ ավելի քան հարմարավետ է գտնվել էստրոգենի շրջապատում։ Ես մեծացել եմ տեստոստերոնով լի ընտանիքում՝ ես չորս տղաներից կրտսերն եմ։

Այնպես որ հիմա, իմ երեք աղջիկների ընկերակցությամբ, ես վերջապես կարող եմ ստեղծել և ոչ թե քանդել»։ Ի՞նչ է նա մտածում նրանցից ավագի մասին։ «Բլեյքը կին չէ, այլ ձեռքբերում։ Իմ ամենալավ գործարքը։ Նրա հետ ես անդադար ժպտում եմ։ Նա կատակում էր նույնիսկ ծննդաբերելիս, երբ ծնվում էր մեր դուստրը՝ Ջեյմսը»։ «Օ, ոչ , ամեն ինչ հրաշալի է, կարող եք դուրս գալ և հանգիստ խոսել առանց վկաների»,– ասաց նա ծննդաբերությունն ընդունող բժշկին, երբ նրա հեռախոսը զանգեց։ Ինչպե՞ս կարող եմ այդպիսի կնոջը չսիրել»։










































