Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հավաստմամբ` Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ աջակցությունը քաղաքական, տնտեսական ու սոցիալական բարեփոխումների հարցում: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը
«Իհարկե, այս հանդիպման բովանդակությունն այլ է և տարբերվում է նախորդից՝ հաշվի առնելով Հայաստանի ստանձնած նոր միջազգային պարտավորությունները, սակայն նույնն է մնացել մեկ բան, և ես կուզենայի դա ընդգծել. դա մեր ցանկությունն է ունենալ սերտ հարաբերություններ և առաջ գնալ այն ամենում, ինչ ունենք: Եվ այս առումով մենք վերահաստատեցինք մեր հարաբերությունների հիմքը վերանայելու և թարմացնելու անհրաժեշտությունը», – այսօր Բրյուսելում կայացած Հայաստան – ԵՄ համագործակցության խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Ֆյուլեն:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ անցած նիստին քննարկվեցին երկկողմ համագործակցության օրակարգը, Հայաստանում իրականացվող բարեփոխումները:
Անդրադառնալով Եվրամիություն – Հայաստան հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին` Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այն ընդհանուր արժեքներին, որոնք կազմում են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հիմքը:
«Հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռք բերված արդյունքների և առաջընթացի վրա` մենք ցանկանում ենք զարգացնել Եվրամիության հետ գործընկերությունը բոլոր հնարավոր ոլորտներում, ինչն արտացոլված է Վիլնյուսյան գագաթաժողովի` Հայաստանի և Եվրամիության համատեղ հայտարարության մեջ, ինչպես նաև Բարձր ներկայացուցիչ Էշթոնի հետ մեր փոխանակած նամակներում», – ասել է Նալբանդյանը:
Նալբանդյանն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է աշխատել ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ուղղությամբ, դատական համակարգի կատարելագործման, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության խթանման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով. – «Եվրամիության շարունակական աջակցությունը կարող է գործիք հանդիսանալ` Հայաստանում բարեփոխումների գործընթացի արդյունավետ իրականացման նպատակով»:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում










































