«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը:
– Արայիկ, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի 7 անդամներից մեկն էլ Դուք եք: Ի՞նչը ստիպեց Ձեզ միանալ այս պայմանագրին:
– Ինձ մի քանի բան ստիպեց անդամագրվել սկզբում քաղաքացիական պայմանագրին, հետո առաջարկ ստացա դառնալ նաև կառավարման խորհրդի անդամ: Նախ՝ տեքստն էր, երկրորդ՝ քաղաքական գործընթացների վրա ազդելու հնարավորությունը: Վերջին տարիներին Հայաստանում տեղի էին ունենում գործընթացներ, որոնք հնարավորություն չէին տալիս ազդեցություն ունենալ որոշումների կայացման հարցում: Եվ որոշումս պայմանավորված էր նրանով, որ ինքս կարողանամ որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալ:
– Շեշտադրում կատարվեց, որ հորիզոնական եղանակով են հարցերը լուծվելու, քննարկվելու: Մտավախություն չունե՞ք, որ ինչ-որ կետից հորիզոնական չեն լուծվի հարցերը:
– Մինչև հիմա որևէ նման դրսևորում չեմ տեսել: Եվ կարող եմ ասել, որ նույնիսկ կառավարման խորհուրդը և «Քաղաքացիական պայմանագրի» ընթացիկ հարցերը որոշելիս ամենալայն քննարկումն է եղել այն մարդկանց հետ, ովքեր արդեն անդամագրվել են պայմանագրին: Կառավարման խուրհուրդը որոշումներ է ընդունում կոնսենսուսով, բացի այդ, կառավարման պայմանագրի տեքստում էլ նշված է, որ լինելու են մարմիններ, որոնք մշակելու են «Քաղաքացիական պայմանագրի» հետագա ռազմավարությունը և մարտավարությունը: Այդ մարմինները առաջ են քաշելու խնդիրներ, և կառավարման խորհուրդը այստեղ պարզապես այդ որոշումները հաստատելու գործառույթ է ունենալու:
– Ցանկացած նախաձեռնության հաջողության գրավականը ֆինանսական աջակցությունն է: Միայն հիմնադրամը կարող է լուծել ֆինանսական խնդիրներ, և ակնհայտ է, որ դրսից չլինի ֆինանսավորում, հաջողություն էլ չի լինի:
– Իհարկե, ֆինանսները բոլոր քաղաքական կառույցների համար շատ կարևոր են, և «Քաղաքացիական պայմանագրի» հոգաբարձուների խուրհուրդը միտված է նման ֆինանսներ հայթայթելու և մեր ամբողջ ֆինանսական գործունեությունը թափանցիկ դարձնելու համար: Ճիշտ եք ասում, դժվար է առանց լուրջ ֆինանսների լուրջ քաղաքական գործունեություն վարել, բայց առաջիկայում մեր հիմնական նպատակներից մեկը լինելու է այն, որ ստեղծենք մի մեխանիզմ, որով քաղաքացիական պայմանագրին անդամագրված մարդիկ, ինչպես նաև մեր աջակիցները, փոքր ֆինանսական ներդրումներով փորձեն իրենց լուման ունենալ քաղաքացիական պայմանագրի զարգացման գործում: Սա որոշակի առումով նրանց շահառու կդարձնի այս գործում, բայց, այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ այդ գործընթացը չի հաջողվի, եթե այդ մարդիկ վստահություն չունենան «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ: Անշուշտ, այստեղ Սփյուռքի դերն էլ է կարևոր, մենք փորձելու ենք մեր գաղափարները ներակայացնելով՝ նրանց ինչ-որ կերպ մասնակից դարձնել հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, որովհետև այն իրավիճակը, որ կա Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, մեզ ամենևին էլ դուր չի գալիս, և այստեղ պետք է ստեղծել նոր մեխանիզմներ, նոր հնարավորություններ, որպեսզի Սփյուռքը զբաղված լինի ոչ միայն բացառապես Ցեղասպանության հիմնախնդիրն առաջ տանելով, այլ նաև շատ ակտիվ մասնակցություն ունենա Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ինչը շատ կարևոր ենք համարում:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:










































