Իսրայելի իշխանությունները Մեծ Բրիտանիային Իրանի գաղտնի «միջուկային դոսյեից» որոշ ֆայլեր են փոխանցել, որոնք այս տարվա հունվարին Թեհրանում հատուկ գործողությունների ժամանակ գողացել է իսրայելական հետախուզությունը, գրում է The Times-ը։
Փաստաթղթերի համաձայն՝ Իրանի պաշտպանության նախարարությունը պատասխանատու է հարստացված ուրանի արտադրության համար՝ միջուկային զենք ստեղծելու նպատակով։
Մայիսին ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր բեն Շաբաթն ասել է, որ այդ արխիվին 22 երկրի ներկայացուցիչ է ծանոթացել։
2018-ի ապրիլի 30-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հատուկ հայտարարությամբ է հանդես եկել։ Նա փաստաթղթեր է ներկայացրել, որոնք, նրա խոսքով, վկայում են, որ Իրանը ստել է՝ Վիեննայի համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելով, որը ստորագրել են գերտերությունները և Թեհրանը։
«Խոսքը փաստաթղթերի մասին է, որոնք ավելի վաղ չեն ներկայացվել միջազգային հանրությանը։ Խոսքն Իսրայելի հետախուզության ամենամեծ ձեռքբերումներից մեկի մասին է»,-ասել է Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ Իրանը զգալի ջանքեր է գործադրել՝ թաքցնելու համար Իսլամական Հանրապետությունում գաղտնի ռազմական ծրագրի առկայությունը «միջուկային գործարքի» ստորագրումից հետո և 2017-ին Թեհրանում թաքցրել է արխիվը։










































