Խաղողից պատրաստված լավագույն խմիչքների համտես և աճուրդ երեխաների փրկության համար. «Ամերիա» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ ուրբաթ երեկոյան տեղի ունեցավ բարեգործական աճուրդ, որի ժամանակ վաճառվեցին 20 լոտ բարձրակարգ ու նրբահամ կոնյակներ, գինիներ և շամպայններ:
«Խաղողը կյանք է» խորհրդանշական անունը կրող աճուրդին իրենց լավագույն խմիչքները ներկայացրին «Արարատ կոնյակի գործարանը» և «Պերնո Ռիկար Հայաստան» ՓԲԸ-ն, «Նոյ» կոնյակի-օղու-գինու կոմբինատը, «Արտեքսիմ» ՍՊԸ-ն, «Արմանյակ Դելորդ» ՍՊԸ-ն, «Շատո Արարատ Վինյարդ» ՓԲԸ-ն, «Ավերս» ՓԲԸ-ն, «Անդակո» ՍՊԸ-ն, In Vino խանութ-սրահը:
Աճուրդին մասնակցելու համար Երևան էին ժամանել Անտինորի գինեգործական տան համաշխարհային փորձագետ-մենեջեր Գվիդո Վանուքքին, «Ռիդլ» գինու սպասքի մասնագիտացված հայտնի ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ երկրների վաճառքի փոխնախագահ Ալեքսանդր Զորինը:
Աճուրդի արդյունքում հավաքվեց 27 մլն 100 հազար դրամ, առանձին հանգանակումները կազմեցին 3 մլն 473 հազար դրամ: Ստացված ընդհանուր գումարը` 30 մլն 573 հազար դրամը, կրկնապատկվեց «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից, և ընդհանուր գումարը կազմեց 61 մլն, 146 հազար դրամ:
Բոլոր անհատներն ու կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու «Ամերիայի» նախաձեռնությանը, կարող են գումարները փոխանցել «Ամերիաբանկում» բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին:










































