Հայաստանը հեղափոխության շեմին է: Դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը:
«Այսօր երկրի առաջ ծառացած բոլոր խնդիրներից ուշագրավ է երկրի ներքին դրությունը: Եթե որոշ լրատվության սպասավորներ կարծում են, որ Ռուսաստանը կարող է փրկել վիկինգների գահը, ապա դա այդպես չէ, ոչ մի Ռուսաստան էլ չի կարող փրկել վիկինգների գահը, եթե նրանք չսկսեն ինքնուրույն տնտեսական քաղաքականություն՝ այն, որի մասին մենք մեկ տարի շարունակ թմբկահարում, ազդարարում ենք, և որն այդպես էլ մնաց անուշադրության մատնված»,- ասաց նա:
Հայաստանի՝ անցած տարիների տնտեսական և քաղաքական ուղին ամփոփելով՝ Հակոբյանը տեսակետ հայտնեց, որ քսանհինգ տարի առաջ Արևմուտքի կողմից պարտադրված այսպես կոչված հասարակության ռետրոգրատ տրանսֆորմացիան և նոր լիբերալ բուրժուական տիպի պետության ստեղծման գործընթացները, այսպես կոչված բարեփոխումների և լիբերալ բուրժուական արժեքային համակարգի մթնոլորտում, կրախի մատնվեցին, ձախողվեցին, և այսօր գանձարանը դատարկ է:
Ըստ մարքսիստի՝ երկրի ներքին քաղաքական կյանքն ուղղակիորեն սառեցված է, մեռած, վերևներում հին ձևով կառավարել չեն կարողանում, ներքևներում՝ հին ձևով գոյատևել չեն ուզում: «Ստեղծվել է իսկապես հեղափոխական սիտուացիա. սիրենք իշխանությանը թե ոչ՝ առաջինը ազգի գոյատևման խնդիրն է: Իշխանափոխությունը սարերի հետևում չէ, մինչև մայիս այս սոցիալական քնած հեղափոխը կշարունակվի, երկրի հետ այսպես վարվել չի կարելի:
Հիվանդագին սինդրոմ կա, որ յուրահատուկ է մեզ՝ հայերիս: Հենց Խորենացու խոսքերով ասած՝ պատմական, վճռական և բեկումնային պահերին հայը, արհավիրքի առաջն առնելու համար, որդեգրում է թափառական հրեայի ճակատագիրը՝ որտեղ հաց, էնտեղ կաց: Դարեր շարունակ մենք ինքներս կործանել ենք, միայն եկեղեցին տանենք և վերջ: Ամեն ինչ լավ է. այդպիսի անասնական բնազդը մեզ համար կործանարար է»,- կարծում է նա:
Հակոբյանի խոսքով՝ կատարյալ միամտություն է, թե հեղափոխական ուժեր չկան, եթե անգամ թվում է՝ քաղաքական կատալիզատորներ հանդիսացող լիդերներ չկան, ապա նրանք կծնվեն: Եթե նոր անհատականություն չլինի, եթե ոչ ոք էլ չլինի, գլխավոր մարքսիստն ասում է՝ ինքը կա ու կա, և կարևորը՝ ավանտյուրիստ հեղափոխական չէ, իշխանությունը զավթող: Կարևոր է նաև, որ ժողովուրդն իր արգանդից կարող է քաղաքական մարտադաշտ ուղարկել նոր գաղափարախոսին, ստրատեգին, նոր քաղաքական իրադրության ճարտարագետին, իսկ մինչև այդ պահի գալը մի կատվի ցատկ է:
ԿԸՀ -ում և ԵԱՀԿ խորհրդի նախագահի մոտ Հակոբյանն ասել է. «Անհրաժեշտ է սկզբունքորեն նոր ընտրական իրավունք, или избирательное право принципиально нового типа, как стержень демократии 21века՝ 21-րդ դարի դեմոկրատիայի՝ որպես Աստվածաշունչ կամ королевский гамбит, выбирайте сами, господа хорошие либеральные профессора: Ձեզնից է կախված դա, իսկ աչքակապությամբ զբաղվել և դեռ երկրապահների կողմից հորինված ամենահակաժողովրդական ընտրական իրավունքը, այսպես կոչված, կոսմետոլոգիայի պրիյոմներով մատուցել՝ կատարյալ հիմարություն է»:
Գլխավոր մարքսիստը պնդում է՝ ինքը տվել է սկզբունքորեն նոր ընտրական իրավունք, և բացարձակապես կարիք չկա հետևելու Վենետիկի հանձնաժողովին, թե իրենք ինչ են բարբաջելու: Կարևորը՝ իշխանափոխության ժամանակ ապահովել հասարակության ֆիզիկական անվտանգությունը, պետական մեքենան կանխարգելել իշխանագողությունից: Նա առաջարկում է հատկապես «պառլամենտական» ընտրությունների ժամանակ հավակնորդներին գրանցելուց առաջ երեք առարկայից մինիմումներ հանձնել՝ համաշխարհային առաջավոր քաղաքագիտությունների պատմություն, հասարակագիտություն, հռետորիկա: Միայն դրանից հետո թույլ տալ գրանցվել:
Այսպիսով, մարքսիստի համոզմամբ, գույքային ցենզային ընտրական իրավունքից անցնում են ինտելեկտուալ ցենզի: «Այսինքն՝ դրանով մենք ապահովում ենք Սահմանադրության պահանջները, որ մեր պառլամենտը կթվորների, չոբանների, կարտոֆիլագործների պառլամենտ չէ, այլ պրոֆեսիոնալ է, դրա համար բարի եղեք քննություն հանձնեք, ինչպես պահանջում են խղճուկ քաղծառայողներից»,- ասաց նա:
Թե ով կգա իշխանության գլուխ՝ ըստ Հակոբյանի, կարևոր չէ, միայն թե կարողանա ճիշտ քաղաքականություն վարել, քանի որ «նեվաժնո՝ կոշկա բելայա, իլի կռասնայա, սամոյե գլավնոյե՝ միշեյ լավիլ»: Մարքսիստը նաև մեջբերում է Իոսիֆ Ստալինի խոսքը՝ «վսյակիյ դուռալեյ մոժետ վզյած վլաստ, սամոյե գլավնոյե՝ կակ պռավիծ ստռանոյ»:
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին՝ մարքսիստը նշեց, որ եթե նրանք իսկապես ժողովրդի բարեկամներն են, տեսնում են, որ նոր քաղաքականություն է պետք, ուրեմն պետք է հիսուն մանդատը ցած դնեն, եթե ոչ, ուրեմն՝ զբաղվում են դատարկ քաղաքական ֆլիրտով:










































