Դաբութօղլուի Հայաստան այցով Թուրքիան հիշեցնում է տարածաշրջանում իր ներկայության մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան, հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումները» թեմայի շուրջ խոսեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Նա նշեց, որ այցը տեղի է ունենում տարածաշրջանում՝ մասնավորապես Մերձավոր Արևելքում, դրամատիկ իրադարձությունների ֆոնին: Նրա գնահատմամբ՝ գաղտնիք չէ, թե որն է Դավութօղլուի գլխավոր նպատակը, թեև կան նաև երկրորդական ու երրորդական նպատակներ, որոնք նպաստեցին այդ այցի կայացմանը:
«Թիվ մեկ խնդիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ-թուրքական հարաբերություններում իբրև առաջընթաց նկատվող իմիտացիան է: Դա թուրքերի թիվ 1 թիրախն է: Մյուս խնդիրը կապված է նաև աշխարհաքաղաքական զարգացումների հետ, որոնք Թուրքիայի համար խիստ անբարենպաստ էին՝ սկսած Սիրիայից, Իրաքից, Եգիպտոսից մինչև այս տարածաշրջանում Հայաստանի նոր արտաքին քաղաքական կուրսի որդեգրումը: Գիտեք՝ վերջերս Հայաստանում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ու Թուրքիան փորձում է չհաշտվել տարածաշրջանում ազդեցության կորստի հետ, և Դավութօղլուի այցը նպատակ ունի նաև տարածաշրջանում հիշեցնել Թուրքիայի մասին»,- մեկնաբանեց թուրքագետը:
«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանի համոզմամբ ևս, Թուրքիան Դավութօղլուի ՀՀ կատարելիք այցով հաղորդագրություն է տարածում իր ներկայության մասին:
Բանախոսն անդրադարձավ նաև թուրքական «Սաբահ» թերթի տարածած տեղեկությանը, թե կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել երկու շրջան հանձնելու վերաբերյալ: Նա նկատեց, որ այս տեղեկությունը մամուլում հայտնվեց ոչ պատահականորեն: «Անշուշտ, դրանք մնացին օդի մեջ, արձագանքներ չեղան, բայց շատ հետաքրքիր է, որ այդ համատեքստում վերջին ճիգն էր արվում նախապայման թելադրելու Հայաստանին: Այս տեսակետից պետք է ասել, որ սա ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքականության նվաճումն է (ցավոք այդպես չէ), սա ՌԴ ներկայության մասին Պուտինի կտրուկ և ոչ բազմանշանակ հայտարարության մասին էր՝ դիրքերն ուժեղացնելու: Սա մեկ քայլ հետ է, բայց ոչ թե նահանջ. անշուշտ, Թուրքիան կփորձի, ի դեմս Դավութօղլուի, արտաքին գործերի նախարարների հետ որոշ խոսակցություններ վարել, որոշ հետախուզական խոսակցություններ անել, քանի որ այստեղ է լինելու ՌԴ ԱԳ նախարարը: Եվ պատահական չեն խոսակցությունները, թե նախատեսվում է Դավութօղլու-Լավրով առանձին հանդիպում: Սա չի նշանակում՝ հանդիպումը կարող է անպայմանորեն տեղի ունենալ, բայց որ քաղաքական, վերլուծական աշխարհի ուշադրությունն այս երկուսի վրա է, նշանակում է, որ նրանք շատ լուրջ են ընդունել ՌԴ հայտարարությունը: Միայն այս համատեքստում է հետաքրքիր այս այցը»,- ասաց Ալվրցյանը:







































