Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:
Տևական ընդմիջումից հետո դատական այս նիստը առաջինն էր թավշյա հեղափոխությունից հետո:
Նիստը անցավ կրքերի շիկացման պայմաններում:
Կալանքի տակ գտնվող ամբաստանյալներն ու նրանց հարազատները հույսեր էին փայփայում, որ կփոխի խափանման միջոց կալանքը, կդառնան ազատ ամբաստանյալ, հենց դատարանից տուն կգնան…
Կրքերն այնքան շիկացան, որ փոքրիկ վիճաբանություն ծագեց անգամ ամբաստանյալների միջև, մասնավորապես՝ Վլադիմիր Առաքելյանի ու Հարություն Սարիբեկյանի. Վլադիմիր Առաքելյանը դյուրաբորբոք Սարիբեկյանից պահանջում էր տեղից չխոսել, նիստը չխանգարել. «Տեսնենք՝ ի՞նչ ա լինում»:
Ութ ամբաստանյալների՝ Արթուր Վարդանյանի, Վահան Շիրխանյանի, Էդվարդ Ներսիսյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Գևորգ Ջնդոյանի, Արա Պողոսյանի, Հարություն Սարիբեկյանի շահերի պաշտպանները միջնորդեցին վերացնել իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը, նրանց նկատմամբ ընտրել անազատության հետ չկապված խափանման միջոց: Մի քանիսը համաձայն էին նաև գրավի կիրառմանը:
Ամբաստանյալների մեծ մասի վերաբերյալ նշվեց առողջական վիճակի վատթարացումը, երկուսուկես տարի կալանքի տակ մնալը, այլախոհության համար հետապնդվելը և այլն:
Մեղադրող դատախազները բոլոր միջնորդությունները համարեցին անհիմն, պահանջեցին մերժել:
Փաստաբան Հովիկ Արսենյանը պահանջեց, որ Հայաստանում իրադրության փոփոխության հետ կապված՝ դատարանն իր նախաձեռնությամբ, առանց սպասելու պաշտպանների միջնորդություններին՝ ազատ արձակի կալանքի տակ գտնվող ամբաստանյալներին՝ նշելով, թե նրանք ոտնձգել են ոչ թե պետության դեմ, այլ իշխանությունը բռնությամբ զավթածների դեմ:
Ամբաստանյալ Գևորգ Ջնդոյանը հայտարարեց, որ իրենք նույնպես քաղբանտարկյալներ են, իրենցից շատերին հետապնդել են հենց այլախոհության համար:
Ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանը քրեական գործն անվանեց «սուտի կեղտոտ գործ, որ սարքել են» իրենց գլխին:
Ամբաստանյալ Խաչիկ Ավետիսյանը նշեց, որ իրենց առաջադրված մեղադրանքը քրեական է, բայց քաղաքական շատ տարրեր է պարունակում: Զավեշտը, ըստ Ավետիսյանի, այն է, որ ինքը՝ որպես հրամանատար մարտական գործողությունների մասնակցած լինելով, վերջին քսան տարում բանակում բարձր պաշտոններ ունեցած լինելով, քրեական գործի նյութերի համաձայն պետք է ենթարկվեր մի անփորձ երիտասարդի ղեկավարությանը:
Խաչիկ Ավետիսյանը նշեց. «Սերժ Սարգսյանին լավ շախմատիստ են համարում, բայց նա լավ ինտրիգան է եղել… Ինձ պետք է պաշտպանի միմիայն օրենքը…»:
Ապարը՝ Էդվարդ Ներսիսյանը, որ դժվարությամբ է խոսում ու տեղաշարժվում, դատավորին դիմեց. «Քեզ տրվել ա հնարավորություն՝ դու պիտի որոշես՝ ով ա արդարը, ով ա սրիկան… Շան տղա լինեմ՝ գարանտ եմ տալիս Սարիբեկյանի, Առաքելյանի, իմ ախպերության համար… Թացն ու չորը չի կարելի խառնել ու բոլորը վառել…»:
Փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը դատավորին կոչ արեց Հունիսի մեկին տոն պարգևել կալանքի տակ գտնվող ամբաստանյալների ընտանիքներին, կոչ արեց լինել համարձակ և օրենքը ճիշտ կիրառել…
Դատավորն առաջարկեց, որ խորհրդակցական սենյակ մտնի՝ ութ ամբաստանյալների խափանման միջոցի վերացման կամ փոփոխման հարցով միջնորդությունները քննելու և որոշումները հրապարակի հաջորդ ուրբաթ: Բայց մեծ հույսեր փայփայող ամբաստանյալները, նույնիսկ ամենավատառողջները՝ Ապարը, Վահան Շիրխանյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը պնդեցին, որ դատավորը որոշումները հրապարակի այսօր ևեթ:
Եվ դատավորը, խորհրդակցական սենյակում մնալով 5 ու կես ժամ, մերժեց բոլոր ութ ամբաստանյալների վերաբերյալ ներկայացված միջնորդությունները:
Բոլոր ամբաստանյալները, որ կալանքի տակ են, կշարունակեն մնալ կալանքի տակ:
Լուսանկարը՝ Photolure-ի








































