Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոստանում է մոտ օրերս ներկայացնել կոռուպցիոն բնույթի նոր բացահայտումներ: Այդ մասին Վանեցյանը նշեց հունիսի 1-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Երևան սիթի»-ում և այլ ընկերություններում կռուպցիոն բացահայտումներին:
Դիտարկմանը, թե «Երևան սիթի»-ում բացահայտումներն «այնքան էլ բացահայտում չեն», քանի որ դա տեղի է ունեցել ՊԵԿ-ի հետ համաձայնեցված, Վանեցյանն արձագանքեց. «Տարիներ շարունակ ապօրինի գործած մարդիկ շատ բաներ կարող են հայտարարել: Անգամ շահարկվեց 350 թիվը (այն մարդիկ են, ովքեր տեղյակ չեն եղել, որ իրենց անուններով կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ են գրանցված-խմբ.), սակայն այդ թիվն անցավ 460-ից»: Իսկ կազմակերպությունների թիվը, որոնք ևս պետք է հրավիրվեն հարցաքննության, կհասնի հազարի կամ ավելիի:
Հարցին, թե ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին հարցաքննելու կարիք կա՞, ԱԱԾ տնօրենը պատասխանեց, որ քննությունը ցույց կտա:









































