Վերաքննիչ քրեական դատարանում նախօրեին ավարտվեց Նարինե Ծատուրյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:
44-ամյա Նարինե Ծատուրյանը մեղավոր է ճանաչվել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Ըստ դատական ակտի՝ Ծատուրյանը 2009 թվականից որպես մենեջեր աշխատել է Վանաձորում գործող «Կարեն Հակոբյան» ՍՊԸ-ին պատկանող «Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրում:
2011 թվականի հունվարից Ծատուրյանը պայմանավորվածություն է ձեռք բերել մի խումբ մարմնավաճառների հետ, ընդունել է մարմնավաճառների հետ սեռական հարաբերություն ունենալու համար համալիրի առանձնասենյակներ և շոգեբաղնիքներ այցելած հաճախորդներին:
Մենեջեր Ծատուրյանը հաճախորդների սթափության, նաև՝ նյութական ապահովվածության ու վճարունակության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները հայտնել է մարմնավաճառներին, կազմակերպել նրանց հանդիպումները հաճախորդների հետ՝ տրամադրելով հյուրանոցի շոգեբաղնիքներն ու առանձնասենյակները: Ըստ դատական ակտի՝ Նարինե Ծատուրյանը մինչև 2013 թվականի մայիսի 17-ը նպաստել է մարմնավաճառներ Վիոլետայի, Մարիամի, Աստղիկի, Ռուզաննայի, Նարինեի, Աննայի կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Իրեն լիովին մեղավոր ճանաչած ամբաստանյալի միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Դատարանը հաշվի է առել, որ ընտանիքի միակ կերակրող Ծատուրյանի խնամքին մեկ անչափահաս երեխա կա:
Նարինե Ծատուրյանը կալանքի տակ էր այս տարվա մայիսի 18-ից: Դատարանը որոշել է, որ նա պատիժը պետք է կրի իրական ազատազրկման ձևով, և խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:
Նարինե Ծատուրյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու և որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկման:
Իրեղեն ապացույց ճանաչված 401 դոլարը, 1000 ռուբլին և 949 հազար դրամը, որպես հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումար, հանձվել է պետությանը՝ որպես եկամուտ:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել և այսօր դատարանում այն հիմնավորեց Ծատուրյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը:
Պաշտպանն անարդարացիորեն խիստ համարելով իր պաշտպանյալի նկատմամբ սահմանված պատիժը՝ խնդրեց մասնակիորեն՝ պատժի ու իրեղեն ապացույցների տնօրինման մասերով բեկանել դատավճիռը, Ծատուրյանի նկատմամբ սահմանել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ` ազատազրկման հետ չկապված պատիժ՝ կիրառելով քրեական օրենսգրքի 64 հոդվածը, կամ 70 հոդվածի կիրառմամբ պայմանական դատապարտության ենթարկել նրան ու սահմանել փորձաշրջան: Իրեղեն ապացույց ճանաչված գումարները, որ առգրավվել էին շոգեբաղնիքում, հանձնել սեփականատերերին, ոչ թե պետությանը տալ՝ որպես եկամուտ:
Պաշտպանը նշեց, որ Նարինե Ծատուրյանն ամուսնալուծված է: Երկու դուստր ունի՝ ներկայումս 24 և 16 տարեկան: Ճիշտ է, անչափահասը միայն կրտսեր դուստրն է, բայց ավագ դուստրը չի աշխատում, նա նույնպես գտնվել է մոր խնամքին:
2009 թվականից Ծատուրյանն աշխատել է «Մալիբու» համալիրում, բայց այնքան քիչ աշխատավարձ է ստացել, որ անկարող է եղել հոգալ ընտանիքի հոգսերը:
2013 թվականի մարտին նա դիմել է դատարան՝ գոնե կրտսեր աղջկա համար ալիմենտ ստանալու հայցով, բայց խնդիրը չի լուծվել՝ երեխայի հոր գտնվելու վայրն անհայտ լինելու պատճառով:
Ըստ պաշտպանի՝ Նարինեն հանցավոր արարքը կատարել է կյանքի ծանր հանգամանքների զուգորդմամբ և, որ կարևոր է, «առանց չար դիտավորության»:
Գործի նախաքննության ժամանակ Նարինեն տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջացել է արարքի համար, նպաստել է հանցագործության լիարժեք բացահայտմանը: Նրա արարքի հետևանքով որևէ մեկին ֆիզիկական, նյութական վնաս չի պատճառվել, քաղհայցի պահանջ չկա:
«Այդ ի՞նչ հանգամանք է դատարանը հաշվի առել, որ նախկինում չդատված 44-ամյա կնոջը նման խիստ պատիժ է տվել: Ամբաստանյալ Նարինե Ծատուրյանի երկու դուստրերը զրկվել են ընտանիքի միակ կերակրողից. Նարինեն արդեն 5 ամիս 20 օր կալանքի տակ է, կարելի է ասել, որ պատժի նպատակները լիովին կենսագործվել են: Սակայն պատժատեսակը չփոխելու դեպքում անտերության մատնված նրա երեխաները գալիք ձմռանը կմատնվեն նաև ցրտահարության ու սովի»,- ասաց պաշտպանը:
Պաշտպանի համոզմամբ՝ ընդհանուր իրավասության դատարանը խախտել է շոգեբաղնիքում առգրավված գումարների սեփականատերերի իրավունքները, մարդկանց զրկել է ունեցվածքից՝ այդ գումարները հանձնելով պետությանը՝ որպես եկամուտ: Դրա համար դատարանը պետք է ապացուցված ճանաչեր, որ հատկապես այդ գումարները հանցավոր ճանապարհով են աշխատվել: Այդպիսի բան գործով ապացուցված չէ:
Մեղադրող Ր. Ասլանյանն առարկեց պատժի մեղմացման առումով պաշտպանի բողոքի դեմ՝ պնդելով, որ դատարանը սահմանել է արարքին համաչափ, տվյալ հոդվածի տվյալ մասով նախատեսված նվազագույն պատիժ: Իսկ առգրավված գումարների տնօրինման հարցում մեղադրողը համակարծիք էր պաշտպանին, ավելին, մեղադրողն ընդհանուր իրավասության դատարանում իր ճառի ժամանակ իրեղեն ապացույցների տնօրինման վերաբերյալ առաջարկել էր դրանք վերադարձնել սեփականատերերին:
Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպան Հակոբյանի բողոքը բավարարեց մասնակիորեն:
Դատավճիռը պատժի և իրեղեն ապացույցների տնօրինման մասերով բեկանվեց:
Նարինե Ծատուրյանը, մեղավոր ճանաչվելով, դատապարտվեց 3 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ կիրառվեց պայմանական դատապարտություն, սահմանվեց 3 տարի փորձաշրջան:
Ծատուրյանի խափանման միջոց կալանավորումը վերացվեց, նա անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճում ու սկսեց լաց լինել երջանկությունից:
Իրեղեն ապացույց ճանաչված գումարները, որ առգրավվել էին «Մալիբու» համալիրում, կհանձնվեն համալիրի սեփականատիրոջը:
Պոռնկությանը նպաստելու համար մեղադրվողների գործերին պարբերաբար ենք անդրադարձել: Դատական պրակտիկան ձևավորվել է այնպես, որ հիմնականում նման գործերով, անգամ տղամարդ ամբաստանյալների նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել:
Օրենքի առաջ բոլորի հավասարության, օրենքի միատեսակ կիրառման սկզբունքները նկատի ունենալով՝ Նարինե Ծատուրյանի նկատմամբ ևս, գործում առկա մեղմացուցիչ հանգամանքներն էլ հաշվի առնելով, կարող էր կիրառվել պայմանական դատապարտություն: Ինչը և տեղի ունեցավ այսօր վերաքննիչ դատարանում:








































