Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ավարտվել է Էդուարդ Զաքարյանի, Գևորգ Գևորգյանի և Վաղինակ Վարդանյանի գործի դատավարությունը:
Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր, 28-ամյա Էդուարդ Զաքարյանը, նախնական համաձայնության գալով նույն բաժանմունքի օպերլիազոր, 34-ամյա Գևորգ Գևորգյանի և բաժանմունքի պետ, 33-ամյա Վաղինակ Վարդանյանի հետ, որպես պաշտոնատար անձինք՝ շորթմամբ պահանջել են խոշոր չափերի կաշառք՝ բերման ենթարկված Դ. Ե.-ի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ չկատարելու խոստումով:
Ըստ դատական ակտի՝ 2012 թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը 12-ի սահմաններում բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանի բանավոր կարգադրությամբ ավագ օպերլիազորներ Էդուարդ Զաքարյանը, Վահան Հակոբյանը և օպերլիազոր Գևորգ Գևորգյանը ապօրինաբար թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով Ֆուչիկի փողոցում գործող ատամնաբուժական կլինիկայից բերման են ենթարկել ատամնաբույժ Դ. Ե.-ին:
Նույն ատամնաբուժարանի մեկ այլ ատամնաբույժ, ով ճանաչում էր Էդուարդ Զաքարյանին՝ որպես իրենց թաղի տղայի, գործընկերոջն օգնելու պատրաստակամություն է հայտնել ու Զաքարյանին փոխանցել իր հեռախոսահամարը:
Զաքարյանը Դ. Ե.-ից կաշառք ստանալու շուրջ նախնական պայմանավորվածության է եկել իր բաժանմունքի պետ Վարդանյանի և գործընկեր Գևորգյանի հետ և Դ. Ե.-ին ազատ արձակելու, հնարավոր պատասխանատվության հարցը չբարձրացնելու, դրանով պատասխանատվությունից նրան զերծ պահելու դիմաց վերջինիս մտերիմներից պահանջել է 3 հազար դոլար կաշառք:
Սակարկությունների արդյունքում այս գումարը նվազել է, դարձել սկզբում 2 հազար դոլար, ապա՝ 400 հազար դրամ:
Զաքարյանը ներկայացրել է, իբր Դ. Ե.-ի կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելն ու օգտագործելն ապացուցված են, Դ. Ե.-ն, իբր, ընդունել է, դա հաստատվել է նաև այլ անձանց բացատրություններով:
Մինչդեռ Դ. Ե.-ն այդ հանգամանքը բանավոր կերպով չէր ընդունել, անձնական խուզարկությամբ նրա մոտ թմրամիջոց չէր հայտնաբերվել, նա անգամ տոքսիկաքիմիական փորձաքննության դեռ չէր ներկայացվել:
Ընդ որում՝ Դ. Ե.-ի կողմից թմրամիջոցի օգտագործման վարկածը հետագայում հերքվել է տոքսիկաքիմիական փորձաքննության եզրակացությամբ:
Զաքարյանն ու նրա հանցակիցները Դ. Ե.-ին բերման ենթարկելու փաստի արձանագրումը տևական ժամանակ ձգձգել են՝ սպասելով շորթած գումարի ստացմանը և բերման ենթարկվածին անհիմն կերպով պահելով անազատության պայմաններում:
Ի վերջո, Դ. Ե.-ն իրենից կաշառք շորթելու վերաբերյալ հաղորդում է տվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում:
400 հազար դրամ կաշառքի փոխանցումը Էդուարդ Զաքարյանին, Գևորգ Գևորգյանին ու Վաղինակ Վարդանյանին խափանվել է:
Ընդհանուր իրավասության դատարանը երեք ամբաստանյալներին էլ մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և յուրաքանչյուրին դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման:
Պատիժների սկիզբը՝ 2012 թվականի դեկտեմբերի 13-ից:











































