Ֆոտոմոդել և ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը բիթքոինի արձանագրության հեղինակ Սաթոսի Նակամատոյի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կենսաքիմիկոս Թոմաս Պլյուսկալի հետ դարձել է գիտական հոդվածի համահեղինակ: Էլեկտրոնային կոմերցիային նվիրված հոդվածը լույս է տեսել Drug Designing & Intellectual Properties International Journal-ում:

Retraction Watch լրատվամիջոցին տված հարցազրույցում Պլյուսկալը խոստովանել է, որ հոդվածը գրելու համար օգտագործել է գրագիտության տեսանկյունից ճիշտ, բայց բովանդակության տեսանկյունից անիմաստ տեքստեր ստեղծող SCIgen ծրագիրը: Հոդվածում նշվում է, որ հեղինակները ցույց են տվել, որ էլեկտրոնային կոմերցիան կարելի է դարձնել cacheable, semantic և client-server, ինչը նույնն է նաև վակուումային լամպերի համար:
Պլյուսկալը նշում է, որ ինքը փորձել է հոդվածը հրատարակել տարբեր ամսագրերում, սակայն բոլորն էլ մերժել են: Drug Designing & Intellectual Properties International Journal-ը հոդվածը վերանայել է չորս օրվա ընթացքում և նույնիսկ չի պահանջել որևէ փոփոխություն, ուստի, հեգնում է Պլյուսկալը, ինքը խորհուրդ է տալիս այս ամսագիրը իր բոլոր գործընկերներին, հատկապես նրանց, ովքեր օգտագործում են SCIgen:










































