Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ստեղծված իրավիճակին և դրա վերաբերյալ համացանցում եղած քննարումներին.
«ՀՀ Զինված ուժերը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք:
Նշված գյուղերի բնակիչները դա լավ գիտեն, իրենց հետ տեղի են ունենում նաև ակտիվ քննարկումներ: Որևէ մեկ մարտական դիրքով կամ մարտավարական ճակատում (ջոկ-դասակ-վաշտ) եղած բարձունքով չի որոշվում մեր մարտունակությունն ու ունակությունը: Մենք ևս ունենք բազում գերիշխող դիրքեր ու բարձունքներ:
Հաճախ այստեղ հնչեցված հարցադրումները ուղղակի խանգարում են մեր կողմից կատարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Խնդրում եմ ցուցաբերել զսպվածություն»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական մամուլը բարձրաձայնել էր, որ սահմանի նախիջևանյան կողմում իրենց հաջողվել է բարելավել դիրքերը:








































