Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը հայտարարել է, որ մտադիր է Մեծ Բրիտանիայում հօգուտ նոր հանրաքվեի արշավ սկսել, որը կչեղարկի Brexit-ի արդյունքները։ Այս մասին հաղորդում է The Times պարբերականը։
Միլիարդատիրոջ նպատակն է անցկացնել ևս մի հանրաքվե և այնպես անել, որ Միացյալ Թագավորությունը մնա ԵՄ կազմում:
Ութսունյոթամյա Սորոսի նոր արշավը կմեկնարկի առաջիկա օրերին: Այս մասին նա հայտարարել է Փարիզում կազմակերպված թեմատիկ համաժողովի շրջանակում:
Նա ընդգծել է, որ «Բրեքզիթ»-ը տարածքային կազմալուծման վտանգավոր օրինակ է: Ֆինանսիստի համոզմամբ՝ այդ գործընթացը վնաս է հասցնում թե՛ Լոնդոնին, թե՛ Բրյուսելին:
«Վնասի մեծ մասն արդեն իսկ զգալի է. Եվրոպական Միությունը գոյության ճգնաժամի մեջ է, սակայն խնդրից ուշադրությունը շեղվում է Մեծ Բրիտանիայից բաժանման բանակցությունների կողմը:
Ներկայում սա երկու կողմերի համար էլ պարտվողական դիրք է, որը, սակայն, կարող է հաղթական դիրքի վերածվել»,-ասել է նա:








































