Որևէ մեկն իհարկե չի էլ կասկածում, որ երբ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ փաստաթուղթը դրվի Հայաստանի խորհրդարանի վավերացմանը, այն վավերացվելու է անմիջապես: Հայաստանի խորհրդարանում ընդունված չէ քննարկել և կասկածի տակ առնել Սերժ Սարգսյանի որևէ քայլ, եթե իհարկե դա պետք չէ Սերժ Սարգսյանին: Այստեղ սակայն իրավիճակը թերևս այլ է: Այստեղ արդեն ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Ռուսաստանի կամքն է աշխատում: Եթե Սերժ Սարգսյանը նույնիսկ գա և ասի, որ այդ փաստաթուղթը պետք չէ վավերացնել, միևնույն է, խորհրդարանական մեծամասնությունը, իշխանության «այլընտրանքը», ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը վավերացնելու էին, որովհետև այդ խորհրդարանի համար Սերժ Սարգսյանը միայն ներսում է նախագահ կամ առաջնորդ, եթե այդպես է, իսկ ահա ընդհանուր, առավել գլոբալ առումով Սարգսյանն ընդամենը միջնորդ է իրենց ու Մոսկվայի միջև:
Հետևաբար եթե որևէ հարց կա, որ անմիջականորեն կապված է Մոսկվայի հետ, այստեղ արդեն Սերժ Սարգսյանի ձայնը որոշիչ չէ, ավելին, հավասարազոր է իրենցից յուրաքանչյուրի ձայնին, ասենք նույն Հովիկ Աբրահամյանին, կամ Վարդան Օսկանյանին, կամ Լևոն Զուրաբյանին, կամ բարգավաճական որևէ պատգամավորի, կամ դաշնակցական որևէ մանդատավորի: Այդպիսին է Հայաստանի իշխանության կառուցվածքը և այդ կառուցվածքը տնօրինում է նա, ով որոշում է այն: Իսկ Հայաստանի ներկայիս խորհրդարանի կառուցվածքը, այսինքն կազմը, բաղադրությունը, որոշվել է Մոսկվայում:
Ու բնական է, որ այդ խորհրդարանի ընդունած որոշումները առաջին հերթին պետք է բխեն Մոսկվայի շահերից, իսկ Հայաստանի շահերը` ինչպես որ պատահի: Այլապես Մոսկվայում չեն հարգվի ներկայիս խորհրդարանական մեծամասնության, իշխանության «այլընտրանքի», և ընդդիմության տանիքի տակ պատահաբար հայտնված բիզնեսմենների շահերը: Սակայն խորհրդարանն իրականում այդ մեծ իրողության մի խոսուն դրվագն է միայն: Հայաստանի իշխանական ամբողջ համակարգը խամաճիկի նման կարգավորվում է Ռուսաստանի միջոցով, իսկ քանի դա կա, Հայաստանը միշտ էլ մնալու է ռուսական շահերի սպասարկողի դերում, ինչն արդեն իսկ ինքնին հայկական շահի ոտնահարում է: Ոչ մի պետություն չի կարող սեփական շահը սպասարկել, եթե այդ պետության իշխանական համակարգը սպասարկում է օտարի շահեր` լինի դա Ռուսաստան, Արևմուտք, թե Չինաստան:
Եվ նաև թյուր է այն պատկերացումը, թե սեփական շահերը պահանջում են այս կամ այն գերտերությանը սպասարկել: Հայաստանում ներկայումս իշխում է այդ գիտակցումը, որը փորձում են նաև արմատավորել հասարակության մեջ, տվյալ պարագայում ռուսական ռազմակայանների մեջ փրկություն տեսնելով: Իրականում սակայն այդ ամենն է, որ այսօր Հայաստանը տանում է կործանման: Ցանկացած երկրի կործանումը սկսում է սեփական շահերը միայն այլոց շահերի պրիզմայով դիտելիս:
Եվ Հայաստանում արդեն ավելի քան մեկ տասնամյակ տեղի է ունենում հենց այդ բանը: Կարծես բոլորն են վարժվել, որ Հայաստանը շահեր չունի, որ Հայաստանի շահերը ընդամենը ուրիշների, տվյալ պարագայում ռուսների շահերի մեջ հնարավորինս հարմար տեղավորվելն ու հնարավորինս երկար մնալն է: Մինչդեռ դա պետության կործանման տանող ամենակարճ ճանապարհն է:
Լուսանկարը՝ Photolure-ի








































