Եթե մարդիկ չեն հասկանում, որ պետք է լիարժեք կատարեն պետության առաջ պարտավորությունները, առավել ևս, երբ նրանք այլևս ազատ են որևէ ստվերային կամ կոռուպցիոն պարտավորությունից, ապա իրավապահ մարմինները կզբաղվեն այդ մարդկանցով: Երեկ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունից ժամեր անց ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը լքելու մասին հայտարարեցին երկու պատգամավոր՝ Արթուր Գևորգյանը, որը պատգամավոր էր դարձել ռեյտինգային ընտրակարգով և նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, և Ջավախք հայրենակցական միության, Հզոր հայրենիք կուսակցության ներկայացուցիչ Շիրակ Թորոսյանը, որը ՀՀԿ ցուցակում էր:
Ի դեպ, Թորոսյանը, փաստորեն, ՀՀԿ խմբակցության այն «ավելորդ» կողմ քվեարկած պատգամավորն էր մայիսի 8-ին վարչապետի ընտրությանը, ինչի համար ՀՀԿ խմբակցության ղեկավարը խոստացել էր պատասխանատվության ենթարկել Թորոսյանին, իսկ Թորոսյանն էլ ասել էր, որ իր կողմ քվեարկելը պայմանավորված է եղել ընտրողների պահանջով:
Ասել, որ այս երկու պատգամավորների հայտարարությունները խմբակցությունը լքելու, իսկ Արթուր Գևորգյանի դեպքում նաև կուսակցությունից հեռանալու մասին ուղղակի պայմանավորված էին Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ՝ իհարկե, շատ դժվար է: Առավել ևս, որ հազիվ թե Թորոսյանն ու Գևորգյանն են ՀՀԿ-ում նրանք, որոնք ունեն պետության առաջ պարտավորությունների լիարժեք կատարման խնդիր:
Այստեղ հասկանալի է, որ խոսքը խոշոր օլիգարխների մասին է: Սակայն, այդուհանդերձ, երկու պատգամավորի դիմումը հուշում է ՀՀԿ-ում խթանված ինչ-ինչ պրոցեսների մասին, որ առավել ակտիվացել են Փաշինյանի հայտարարությունից հետո, առավել ևս եթե նկատի առնենք նաև մեկ այլ տեղեկություն՝ Սամվել Ալեքսանյանը երկար ժամանակ զրույց ունենալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակում, հետո այնտեղից դուրս է եկել բավական անտրամադիր, և լրագրողների հանդեպ սովորաբար բարեհամբույր Ալեքսանյանը կոպտել է նրանց հարցերին ի պատասխան:
Նիկոլ Փաշինյանը նախօրեին, ըստ էության, վերջնագիր ներկայացեց հեռացող իշխանությանը, իհարկե՝ վերջնագիր օրինականության շրջանակում: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ համակարգի համար օրենքը Հայաստանում միշտ էլ եղել է վերջնագիր, պարզապես տվյալ պարագայում նրանց տրված է շանս առանց ծայրահեղությունների կատարել անցումը ստվերային կոռուպցիոն սխեմաներից դեպի օրինական մեխանիզմներ և ինստիտուտներ:
Ակնհայտ է, որ այդ հարցում ՀՀԿ-ում չկա կոնսենսուս, սակայն իրավիճակն այնպիսին է, որ հնարավոր չէ մերժել ժողովրդի «թեկնածու» Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ: Ըստ որում, ամենևին կապ չունի՝ խոսքը վարչապետի ընտրությա՞ն հարցում մերժել չկարողանալու մասին է, թե՞ թավշյա հեղափոխության օրակարգն առաջ մղելու հարցում:
Բայց ամբողջ հարցն էլ նաև այն է, որ այս անգամ, իհարկե, խոսքը պարզապես կողմ քվեարկելու մասին չէ, այլ այսպես ասած՝ իրական գին վճարելու մասին, և հետևաբար ՀՀԿ-ում ամենևին չեն կարողանում նույն հանդարտությամբ կողմնորոշվել, թե ովքեր են վճարելու գինը:











































