Լեհաստանը պատրաստ է 2 մլրդ դոլար հատկացնել՝ երկրի տարածքում ԱՄՆ մշտական ռազմաբազա ստեղծելու համար։ Այս մասին հաղորդում է Onet պորտալը՝ վկայակոչելով Լեհաստանի պաշտպանության նախարարության փաստաթղթերը։
«Այդ առաջարկությունը պատկերում է Լեհաստանում ԱՄՆ մշտական ռազմական դիվիզիայի ակնհայտ և հրատապ անհրաժեշտությունը, Լեհաստանի՝ զգալի օժանդակություն ցուցաբերելու պարտավորությունը, որը կարող է հասնել 1․5-2 մլրդ դոլարի՝ համատեղ ռազմական օբյեկտներ և ԱՄՆ ուժերի առավել ճկուն տեղակայում ապահովելու միջոցով»,-ասվում է «Առաջարկություն՝ Լեհաստանում ԱՄՆ-ի մշտական ներկայության մասին» խորագրով փաստաթղթում։
Նյութերում մանրամասն տեղեկություն է առկա ամերիկա-լեհական բանակցությունների մասին, ներառյալ՝ ֆինանսական առաջարկությունները։ Փաստաթղթում նշվում է նաև ռազմական օբյեկտների և հոսպիտալների, ինչպես նաև դպրոցների, մարզասրահների հնարավոր վայրը՝ անձնակազմի և նրանց ընտանիքների համար։
Լեհաստանի ՊՆ-ում հաստատել են փաստաթղթի իսկությունը և ասել, որ առաջարկություններն արդեն ԱՄՆ կոնգրես են հղվել։ Լեհաստանում ԱՄՆ-ի ներկայությունը բացատրվում է «ՌԴ-ի աճող սպառնալիքը» զսպելու անհրաժեշտությամբ։









































