«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը ցուցադրել է տեսանյութ, որում Սիրիայի Մաալուլա քաղաքում գտնվող հունական Սուրբ Թեկլա մենաստանի առևանգված 12 միանձնուհիները ասում են, որ իրենց ոչ ոք չի առևանգել, այլ ինչ-որ խումբ իրենց «վերցրել է պաշտպանության ներքո, ինչի համար շատ ուրախ են»: Հայտնի է, որ վերջիններիս առևանգել են գրոհայինները: Agence France-Presse-ը հաղորդում է, որ տեսանյութը «Ալ-Ջազիրա»-ի եթերում ցուցադրվել է դեկտեմբերի 6-ի երեկոյան:
Բացի այդ, միանձնուհիները հայտնում են, որ իրենց լավ են զգում և գոհ են այն տեղի կենսապայմաններից, որտեղ իրենց տարել են: Նրանք նշել են, որ որոշել են լքել Մաալուլան՝ քաղաքի վրա կառավարական զորքերի հարձակման պատճառով:
Հայտնի չէ, թե որտեղ, երբ և ում կողմից է արվել վերոնշյալ տեսագրությունը: Հնարավոր չի եղել նաև պարզել՝ արդյոք տեսագրելիս միանձնուհիների վրա ճնշում գործադրվե՞լ է, թե՞ ոչ: