Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին երեկ սկանդալային հայտարարություն է արել` ՀՀ իշխանություններին անուղղակի մեղադրելով ստախոսության մեջ:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում, որ բանն այն է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չորեքշաբթի օրը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե Իրանը ՀՀ-ին գազ է առաջարկում՝ սահմանին 1000 խորանարդ մետրը 400 դոլար գնով, որն ավելի թանկ է, քան ՌԴ-ից ներմուծվող գազը:
Մինչդեռ երեկ Մ. Ռեյիսին ասել է, թե ՀՀ իշխանությունները երբեք Իրանի հետ գազի գնման շուրջ բանակցություններ չեն վարել.
«Մինչև հիմա ՀՀ-ի հետ, բացի «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերի մասին խոսակցությունից, մենք գազի գնման գնի մասին քննարկում չենք ունեցել»:
Փաստորեն, ՀՀ-ն, ունենալով գազ ներմուծելու այլընտրանքային ուղի, չի օգտվում դրանից և շարունակում է գազը գնել ՌԴ-ից, անգամ երբ վերջինս հետևողականորեն բարձրացնում է դրա սակագինը:
Ավելին, այսպես ՀՀ իշխանությունները սպասարկում են ոչ թե սեփական երկրի, այլ ՌԴ-ի շահը` Հայաստանին շարունակելով պահել գազային կախվածության մեջ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:










































