Ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենակարեւոր նպատակը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերսկսումը: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքը հակամարտության կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ՝ նախարարը նշեց. «Մենք բոլորս շուտափույթ կարգավորման հույս ունենք, սակայն այն պետք է արտացոլի մեր շահերն ու նպատակները: Բնականաբար, մենք խոսում ենք փոխզիջման մասին, սակայն դրա հիմքում, առաջին հերթին, Արցախի ժողովրդի շահերն ու նպատակները, կամաարտահայտման իրավունքը եւ անվտանգությունը պետք է լինի»,- ընդգծեց նախարարը:











































