Վարդենիսի ոսկու հանքաքարի անօրինական արդյունահանողները, կամ ինչպես ընդունված է նրանց անվանել՝ «չղջիկները», մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում և փակում են դեպի հանքավայր գնացող ճանապարհը՝ այդպիսով կաթվածահար անելով հանքավայրի շահագործման աշխատանքները։ Որքան էլ տարօրինակ է, սակայն, բողոքավորները ոչ թե հստակ պահանջ են ներկայացնում, այլ փորձում են ցույց տալ, որ իրենք հետևելով Նիկոլ Փաշինյանին, անհնազանդության գործողություններ են իրականացնում։ Այն պարագայում, երբ որ Նիկոլ Փաշինյանը հստակ հորդորել է ամբողջ հանրապետության մակարդակով դադարեցնել անհնազանդության բոլոր գործողութունները։
Մեզ հասած տեղեկություններով, սակայն, «չղջիկների» այդ աղմուկը բոլորովին այլ նպատակ է հետապնդում։ Նրանք փորձում են այս ճանապարհով ոսկու հանքում անօրինական աշխատելու թույլտվություն ստանալ։ Հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունն էլ առաջարկում է օրինական աշխատել, որին նրանք համաձայն չեն և, ի նշան բողոքի, ճանապարհներ են փակում՝ փորձելով դա քողարկել հեղափոխության անվան տակ անհնազանդության գործողությունների դիմելով։
Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համայնքից ոսկու հանքավայրում աշխատողներ կան, բայց հանքավայրը իրենց տարածքի մեջ չէ, դրա համար էլ ինքը խնդրին ծանոթ չէ։ Լսել է, որ «չղջիկները» հավաքվում են, բողոքի ակցիա են իրականացնում, բայց իր իմանալով՝ «չղջիկները» բնապահպաններն են, ովքեր բնապահպանության անվտանգության հետ կապված հարցեր են առաջ քաշում։ «Ես որքանով գիտեմ՝ ճանապարհները հիմա բաց են, ճանապարհ չի փակվել, բայց կփորձեմ ավելի հանգամանալից ծանոթանալ խնդրին»,- ասաց քաղաքապետը։
Խնդրի հետ կապված ոսկու վերամշակման ֆաբրիկան շահագործող «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի՝ «չղջիկները» ընկերության կոլեկտիվի վրա ճնշում գործադրելու ճանապարհով փորձել են իրականացնել իրենց անօրինությունները․«Մասնավորապես, մայիսի 17-ից 18-ը «չղջիկները» փակեցին դեպի հանք տանող ճանապարհը, կաթվածահար արեցին ամբողջ պրոցեսը՝ իրենց գործողությունները մոտիվացնելով քաղաքական նախադրյալներով, իբրև թե նրանք հանդիսանում են քաղաքացիական անհնազանդության շարժման մասնակիցներ և պայքարում են իրենց իրավունքների համար։ Անօրինական ոսկի արդյունահանողները պահանջում էին Սոթքի հանքի ղեկավարության հրաժարականը, որը խոչընդոտում է իրենց անօրինական արարքները հանքի տարածքում։ «Չղջիկների» անօրինական գործողությունները սահմանափակում են ոչ միայն քաղաքացիների աշխատանքի իրավունքը, այլև խաթարում են արտադրական դիսցիպլինները, որը, իր հետ բերելով ընկերության համար կորուստներ, հղի է նաև ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերի, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության ծրագրերի կրճատման հետևանքներով»,-ասված էր հայտարարության մեջ։
Նոր կառավարությունը դեռևս ծանոթ չէ խնդրին, սակայն անհնազանդության մասով կարծիքը միանշանակ է։ Դրանք պետք է դադարեցվեն, և փորձ չարվի տարբեր խնդիրներ քողարկել անհնազանդության անվան տակ։






































