ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին վրդովեցրել են լրատվամիջոցների հրապարակումները, թե իշխող մեծամասնությունը դակիչի դեր է կատարում: Դեկտեմբերի 6-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ Սահակյանը նշեց, որ լրագրողները նիստերը ներկայացնում են այնպես ինչպես ուզում են, ոչ թե ինչպես կա:
«Երեկ լրատվամիջոցներից մեկում կարդացի` Գալուստ Սահակյանը ջղաձգվեց, որտեղի՞ց վերցրիք, ձեր ի՞նչ գործն է: Դուք կարող եք բնութագրել երևույթը, ոչ թե գնահատականներ տալ: Կամ՝ գրել էին՝ դեմ ձայները 55 էին, նիստը վարողը ստեց, ասաց 56, իբրև թե՝ այդ մի ձայնը որ չլիներ, կտապալվեր»,- ասաց նա:
Սահակյանը նշեց, որ հավանաբար արձակուրդների ընթացքում ինչ-որ բան կպատրաստի և օրինակներ կբերի, թե մեր նորանկախ Հայաստանում «ինչպիսի ձևաչափով» լրագրողներ ունենք և լուրջ, հստակ լրագրողներ, որոնք տիրապետում են ամբողջ գործընթացներին: Նա լրագրողներին խորհուրդ տվեց օբյեկտիվ լուսաբանել, հակառակ պարագայում նշեց՝ ի՞նչ կլինի այն դեպքում, երբ մոտ 80 պատգամավոր դիմի ԱԺ նախագահին, խնդրեն, որ հավատարմագրված լրագրողների հավատարմագրերը վերցնի:
Սահակյանը նկատեց՝ խայտառակություն կլինի լրագրողների համար, անգամ եթե ԱԺ նախագահը չհամաձայնի: «Մեր և իմ դերակատարումը բոլոր քննարկումներին քիչ չի: Մենք ամեն ինչ քննարկում ենք, և մեր վերևը հիմնականում մենք ենք լինում խորհրդարանում, էդ ձևակերպումները, իհարկե, կարող են ինչ-որ տեղ դուր գալ որոշ կողմերին, բայց դա լրագրողական աշխատանք չէ»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ իր ցանկանում է ասել՝ եկեք, փոխադարձաբար կարողանանք հարգանքի դրսևորում ունենալ. պիտակավորումը ազատ խոսքի շրջանակներից դուրս է:










































