«Վաղարշ և որդիներ» ոսկու շուկայի մի քանի աշխատակիցներ այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեցին ոչ միայն կառավարությունից, այլև շուկայի սեփականատերերից: Նրանք պատմեցին, որ Վաղարշ Աբրահամյանն է իրենց դրդում բողոքի ակցիաներ անել: Հիշեցնենք, որ անցած շաբաթ այդ շուկայի ոսկի վաճառողները կառավարության շենքի մոտ իրենց դժգոհությունն էին հայտնում Էկոնոմիկայի նախարարության կողմից նշանակված տուգանքների համար: Նախարարությունը նրանց տուգանել էր վաճառվող զարդերի վրա ոչ ճիշտ հարգերի կամ ընդհանրապես դրանց բացակայության պատճառով:
Ոսկու շուկայի վաճառողները մեզ հետ զրույցում նաև պատմեցին, որ շուկայի սեփականատեր Վ. Աբրահամյանը ոսկու խոշոր ներկրող է: Նա ինքն է իր շուկայում աշխատող ոսկերիչներին ոսկի վաճառում և բավականին բարձր գներով: Նա այնպիսի պայմաններ է ստեղծել, որ աշխատողները ուրիշ որևէ տեղից չեն կարողանում ոսկի գնել: Այսինքն՝ Վ. Աբրահամյանն ի սկզբանե իր ներկրած ոսկու իրացումն ապահովում է իր իսկ շուկայի վարձակալների միջոցով:
Իսկ շուկայում իրացման կետերը ոսկյա զարդեր վաճառողներին նա վարձակալության է հանձնում բավականին թանկ վարձավճարով: Յուրաքանչյուր վաճառող վարձակալում է մոտ կես մետր սեղանիկ, որի դիմաց վճարում է ամսական մոտ 60.000-100.000 դրամ: Նշենք, որ շուկայում աշխատում են 500-600 վարձակալներ կամ ոսկի վաճառողներ: Այսինքն՝ Վ. Աբրահամյանը շուկայից կրկնակի շահույթ ունի՝ և իր ներկրած ու ոսկերիչներին վաճառած ոսկուց, և վարձակալության հանձնած սեղաններից:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հատկապես այդ ոսկու շուկայում վաճառվող զարդերն իրականում չունեն այն հարգը, որը մակնշված է դրանց վրա: Հայաստանի ոսկու շուկաներում հիմնականում վաճառվում են զարդեր, որոնց վրա մակնշված է 588 հարգը, այսինքն՝ զարդի մեջ ոսկին այդքան տոկոս է կազմում: Սակայն իրականում շուկաների զարդերի մեջ ոսկու բաղադրիչը շատ ավելի ցածր է, և հարգ դրոշմող կազմակերպությունների հետ ոսկերիչները սովորաբար գործարքի մեջ մտնելով՝ ավելի բարձ հարգ են դրոշմակնքել տալիս: Ի դեպ, հաճախ կարելի է հանդիպել արտահայտությունների, թե ոսկու շուկաներում ոչ թե ոսկյա զարդեր, այլև դեղին երկաթից պատրաստված զարդեր են վաճառվում, որոնց մեջ, այնուամենայնիվ, ոսկու բաղադրություն կա: Եվ այնքան էլ իրականությանը չի համապատասխանում նրանց այն դժգոհությունը, թե իրենց տուգանել են զարդերի վրա հարգի դրոշմը լավ չերևալու կամ մի փոքր թեք լինելու պատճառով:
Շուկայի ոսկի վաճառողները դժգոհում են իրենց նկատմամբ նշանակված տուգանքներից, քանի որ առանց այդ էլ յուրաքանչյուր ամիս բավականին բարձր վարձավճար են տալիս շուկայի սեփականատերերին: Ու նաև այդ պատճառով էլ նրանք աշխատում են զարդերի մեջ ոսկու բաղադրությունը ցածր պահել, որ կարողանան այդպիսով գումար աշխատել: Իսկ Վ. Աբրահամյանը ընդվզում է այդ տուգանքների ու ընդհանրապես ցանկացած տիպի ստուգումների դեմ, քանի որ դրանք ուղղակիորեն և անուղղակիորեն հարվածում են իր գերշահույթին:
Նշենք նաև, որ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի գերատեսչությունների, այդ թվում՝ Էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությանն ու Պետեկամուտների կոմիտեին հանձնարարել է ստուգումներ անցկացնել կոնկրետ այդ ոսկու շուկայում: Ընդ որում՝ ոսկու շուկաներում խախտումներ կան ոչ միայն զարդերում ոսկու պարունակությունը նշված չափից քիչ լինելու, այլև ստվերային ահռելի շրջանառության առումով: Այդ շուկաները մասամբ են գործում հարկային դաշտում: Եվ քանի որ Հայաստանի ու հատկապես Երևանի ոսկու շուկաները պատկանում են ոչ պատահական մարդկանց, ինչպես օրինակ՝ Վ. Աբրահամյանին, դրանց սեփականատերերին միշտ ու նաև այսօր էլ հաջողվել է ցանկացած տիպի ստուգումներից ու տուգանքներից, ինչպես նաև հարկային դաշտից զերծ պահել իրենց օբյեկտները: Իսկ եթե եղել են այդպիսիք, ապա դրանք ավելի փոքր մասշտաբների են եղել, քան իրականում առկա խախտումներն են:
Հիմա, երբ Տ. Սարգսյանը փորձում է որոշակի կանոնակարգման ենթարկել այդ շուկաները, դժվար է ասել, թե դա որքանով կհաջողվի, կամ արդյոք կառավարությանը կհաջողվի ոսկու շուկաների՝ իշխանություններին մոտ կանգնած սեփականատերերին բերել իրավական դաշտ:










































