«ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին հանձնելը նվիրաբերություն չէր: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին նշեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ նվիրաբերություն նշանակում է առանց հատուցման փոխանցում, այս դեպքում, բնականաբար, նվիրաբերություն չէ, բայց շատ լուրջ խնդիր է՝ թե՛ տնտեսական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական հարթության մեջ, քանի որ դրա դիմաց ինչ-ինչ արտոնություններ տրվեցին:
Պատգամավորի փոխանցմամբ՝ իրավական տեսակետից ինչպես այդ 20 տոկոսը, այնպես էլ «Որոտան» ՀԷԿ-ը որևէ կառավարություն իրավունք չունի վաճառելու, եթե ԱԺ-ն այդ ընկերությունները չի ներառել սեփականաշնորհման ցանկում:
«Կառավարությունն այս դեպքում իրավունք չուներ որևէ պետական գույքի իրացման մասին անգամ բանակցություններ վարելու: Դուք լսեցիք հարցը, նաև պատասխանը. սա ևս մեկ անգամ վկայում է, որ կառավարության վարած քաղաքականությունը իրավիճակային է»,- ասաց նա:
Մինասյանի խոսքով՝ քանի որ կան միմյանց հակասող հայտարարություններ, թե հանվում է 30 տոկոս պարտադիր վճարման տուրքը, իսկ ռուսական կողմից ասում են, որ կիրառվելու են ներքին գները, ուստի մինչև հստակություն չմտնի, որևէ մեկը չի կարող ասել՝ հասարակ սպառողի գազի գինն իջնելո՞ւ է, մնալու է նո՞ւյնը, թե՞ ոչ:
«Եթե դա կապված է ռուսական ներքին գների հետ, ապա պետք է իջնի, եթե 30 տոկոսը որպես տուրք հանելու հետ է կապված, ապա կմնա նույնը: Կբերվի պայմանագիրը ԱԺ, քննարկման առարկա կդառնա, կլինեն բազմաթիվ հարցեր՝ սկսած նրանից, թե ինչու հանրությունը և քաղաքական ուժերը տեղյակ չեն գների բարձրացումից, որ անընդհատ հերքում էին իրենք: Սրանք լուրջ հարցեր են, պատահական չեն. հուսով ենք՝ կառավարությունն ԱԺ-ում ճշմարտությունը կներկայացնի»,- ասաց նա:











































