ԱՄՆ ռազմածովային ուժերն առաջին անգամ սուզանավից գործարկել են անօդաչու թռչող սարք: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ռազմածովային ուժերի հետազոտական լաբորատորիային:
XFC UAS ծածկանվամբ անօդաչու սարքը թողարկվել է Providence սուզանավի ապարատի օգնությամբ: Փորձարկման ամսաթիվը և վայրը չեն նշվում: Մի քանի ժամ թռիչքից հետո անօդաչու սարքը վայրէջք է կատարել Բահամյան կղզիներում գտնվող ռազմածովային ուժերի փորձարկման հրաձգարանում՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Համաձայն լուրերի՝ փորձարկման համար մշակվել է հատուկ թողարկման համակարգ, որը կարելի է տեղադրել Tomahavk թևավոր հրթիռի բեռնարկղում, որը և թողարկվել է սուզանավի ապարատից: Այնուհետև թողարկման համակարգը դուրս է եկել օվկիանոսի մակերես:
Թևերը դեռևս չբացած անօդաչու սարքը մեկնարկել է Proviedence-ի նավապետի հրամանով: Թևերը բացելով՝ այն երկինք է բարձրացել և փորձնական թռիչք կատարել՝ տեսատեղեկատվություն փոխանցելով սուզանավին, ինչպես նաև Նորֆոլքում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի այլ՝ ջրի վրա գտնվող նավերին:
Վերոնշյալ սարքի մշակման համար պահանջվել է 6 տարի:











































