Ֆերնանդու դի Նորոնյա կղզում՝ բրազիլական ափից 350 կմ հեռավորությամբ, որտեղ արգելված է երեխա լույս աշխարհ բերել, 12 տարվա ընթացքում առաջին անգամ երեխա է ծնվել։ Այս մասին հաղորդում է The New York Post-ը։
Կղզում ծննդաբերական բաժանմունքներ չկան, այդ պատճառով բոլոր հղիներին մայրացամաք են ուղարկում։ Բացի այդ, այստեղ խստորեն հետևում են բնակչության թվաքանակին՝ շրջակա միջավայրի անվտանգության պահպանումից ելնելով։
Աղջնակի ծնունդն անակնկալ էր բոլորի, այդ թվում՝ նրա 22-ամյա մոր։ Կինն ասել է, որ նախ զգացել է, թե ինչպես է իր ոտքերի միջև ինչ-որ բան շարժվում։ Օգնության է հասել երեխայի հայրը, որն էլ ընդունել է ծնունդը։ Կնոջ խոսքով՝ նա լույս աշխարհ է բերել երկրորդ երեխային, սակայն երբեք չի զգացել, որ հղի է։ Նորածնին հիվանդանոց են տեղափոխել։






































