Դեկտեմբերի 5-ին Հնդկաստանի Հանրապետություն պաշտոնական այցի առաջին օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սալման Խուրշիդի հետ:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը: Նա գոհունակությամբ փաստել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ փոխադարձ պաշտոնական և աշխատանքային այցեր, ինչը վկայում է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին:
«Հնդկաստանի հետ մեր հարաբերությունների զարգացման կարևորության մասին մատնանշում է այն փաստը, որ ՀՀ Նախագահը հատուկ հանձնարարականով դիմել է ՀՀ կառավարությանը հայ-հնդկական հարաբերությունների զարգացման համալիր ծրագիր մշակելու վերաբերյալ: Հայաստանը շահագրգռված է ապահովելու լայնածավալ և բազմաշերտ համագործակցության շարունակականությունը», – նշել է ԱԺ նախագահը:
Հնդկաստանի արտգործնախարար Սալման Խուրշիդը բարձր է գնահատել Հայաստանի հետ հարաբերությունները և անհրաժեշտ համարեց շարունակել երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա խորացումը:
Նա կարևորել է միջխորհրդարանական կապերի խորացումը, առևտրատնտեսական կապերի զարգացումը, գործարար շրջանակների շփումները, փոխադարձ ներդրումների խրախուսումը, կոնկրետ ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին: Կողմերը կարևորել են հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Հնդկաստանի արտգործնախարարը ողջունել է և բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը ուղղված տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը և պատրաստակամություն է հայտնել աջակցելու այս հարցում:
Կողմերը կարևորել են համագործակցության զարգացումը տնտեսության, գիտության, կրթության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:











































