Այսօր Կիևում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ հաղորդում է haqqin.az-ը:
Հաղորդվում է, որ հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը և «Էլ» ադրբեջանական շարժման նախագահ Էլդար Նամազովը:
Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքի և Ժակ Ֆորի նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:
Էլդար Նամազովը պարբերականին ասել է, որ հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, համանախագահները ծանոթացել են Հայաստանի և Ադրբեջանի ընդդիմության դիրքորոշման հետ այս խնդրի վերաբերյալ:
Հատկանշական է, որ հանդիպմանը հրավիրված չի եղել ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը:









































