«Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ ոչ լեգիտիմ նախագահ: Այդպիսի կարևոր պետության ղեկավարի այցը չի կարող լեգիտիմացնել այս կամ այն պետության ղեկավարին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցին և այն կարծիքներին, թե այդ այցով Սերժ Սարգսյանը նրա կողմից ևս մեկ անգամ լեգիտիմացվեց, ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Լեգիտիմության հիմքերը լինում են պրոցեդուրային և բովանդակային: Պրոցեդուրային առումով՝ ընտրությունների անցկացումն է, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին, ազատ են, արդար են և արտահայտում են ժողովրդի իրական կամքը: Բովանդակայինը պայմանավորված է տվյալ իշխանության կամ տվյալ երկրի ղեկավարի քաղաքականության արդյունքում ժողովրդի կենսամակարդակի շարունակական աճով, կյանքի որակի բարելավմամբ: Մեզ մոտ երկու հիմքերն էլ բացակայում են: Սերժ Սարգսյանի իշխանությունը ոչ մի տեսակ լեգիտիմություն չունի, ընտրությունները, գիտենք, ինչ տեսակ են ացնել, իսկ այն քաղաքականությունը, որն իրականացվում է՝ չի կարող բարելավել ժողովրդի կենսամակարդակը, չի հաջողվել բարելավել կյանքի որակը, և ժողովուրդը գլխապատառ փախչում է երկրից: Վլադիմիր Պուտինը չլիներ, մեկ ուրիշը լիներ՝ Սերժ Սարգսյանի լեգիտիմության հարցը չէր լուծվի»:
Մեր այն հարցին, թե արդյոք այս այցով և առհասարակ այսուհետ չե՞ն տուժում Հայաստանի ռուսամետ ընդդիմադիր ուժերը, քանի որ Ռուսաստանն իր լավագույն գործընկերը, կարելի է ասել, համարում է մեր ռուսամետ իշխանություններին, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ռուսաստանամետների և արևմտամետների տարանջատումն առհասարակ չեմ ընդունում, քաղաքական ուժերի նման տարանջատում մեր իրականության մեջ չեմ ընդունում: Իշխանությունները արեհստականորեն փորձում են մտացածին մի պատկերացում ստեղծել, որ Հայաստանում քաղաքական դեմքերը, քաղաքական ուժերը բաժանվում են արևմտամետների և ռուսաստանամետների, և որ նրանց միջև դաժան պայքար է գնում: Այնինչ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական Թեկուզ խորհրդարանական դաշտում ռուսաստանամետ և արևմտամետ ուժերի տարանջատումը ճիշտ չէ»:
Մեր այն դիտարկմանը, թե Հայաստանում այդուհանդերձ, կային ուժեր, որոնք ամեն ինչ արեցին Ասոցացման համաձայնագիրը վիժեցնելու համար, քաղաքագետն արձագանքեց հետևյալ կերպ. «Ես այն կարծիքին չեմ, որ Հայաստանում այսօր թե՛ հասարակությունը, թե՛ հասարակության մեջ ակտիվ խմբերը իրենց առջև նպատակ են դնում հասնելու այն բանին, որ Հայաստանն անպայման անդամակցի այս կամ այն ինտեգրացիոն միավորմանը: Ես տեսնում եմ հասարակության մեջ գոյութուն ունեցող բոլոր հիմնական խմբերի միահամուռ ցանկություն՝ հասնելու ներքին փոփոխությունների երկրում: Ոմանք բանզդաբար, ոմանք գիտակցված՝ զգում են այն, որ Հայաստանին թթվածնի նման անհրաժեշտ են ներքին փոփոխություններ:
Մի օրինակ բերեմ՝ ի՞նչ է կատարվում, երբ թույլ գիտելիքներով, առայժմ չձևավորված մտավոր ունակություններով երեխային ուղարկում են ուժեղների դասարան՝ այդ երեխան դառնում է հոգեկան հիվանդ: Հիմա մեր երկիրը թույլ է, և վերնախավն այսօր «պլինտուսից ցածր» մակարդակի վրա է:
Լինելով ԱԺ 2-րդ և 3-րդ գումարման պատգամավոր՝ կարող եմ ասել հետևյալը՝ մեր վերնախավի որակը ոչ թե առաջադիմում է, այլ ընդհակառակը՝ այս տարիների ընթացքում անկում է ապրել, մեր վերնախավը ոչ թե դրական փոփոխությունների է ենթարկվել, այլ ընդհակառակը՝ գնալով դեգրադացվում է»:
Քաղաքագետի խոսքերով՝ մենք այս պայմաններում Ասոցացման համաձայնագիր ստորագրելու համար պատրաստ չէինք. «Սովորել եվրոպական որակներով աշակերտների դասարանում՝ մեզ հետ կկատարվեր նույնը, ինչ կլիներ թերզարգացած երեխայի հետ, երբ նրան ընդգրկում են ուժեղների դասարանում: Պետք է ընդգրկվենք այնպիսի ինտեգրացիոն ձևաչափով, որտեղ երկրների վերնախավերը համեմատելի են: Մեզանում ժողովրդավարությունը ավելին չէ, քան Բելառուսում, Ղազախստանում և Ռուսաստանում: Այստեղ ավելի վատ է, որովհետև այնտեղ 10 մարդ ընտրությունների արդյունքում ֆիզիկապես չի ոչնչացվել: Մարտի մեկի ոճրագործության մեղավորները մինչև այսօր պատասխանատվության չեն ենթարկվել: Եթե հոկտեմբերի 27-ից հետո կատարողները պատասխանատվության ենթարկվեցին և դատապարտվեցին, ապա Մարտի մեկից հետո կատարողներից մեկը-երկուսը նույնիսկ չեն դատապարտվել»:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այսօր Հայաստանում ժողովրդավարության դռները բացելու լուրջ հնարավորութոններ կան՝ այն առումով, որ Արևմուտքի «աչքերը բացվել են»: «Արևմուտքն իր բոլոր կարողությունները հանձնել էր այդ վարչախմբին, իր բոլոր ռեսուրսները՝ ներքաղաքական գործընթացների վրա ազդելու, հանձնել էր այդ իշխանություններին՝ համոզված լինելով, որ այդ իշխանությունները երկիրը տանելու են դեպի եվրոպական արժեհամակարգ:
Սերժ Սարգսյանն էր որոշում՝ ով պետք է նշանակվի այս կամ այն հասարակական կազմակերպության ղեկավար, Արևմուտքից Հայաստան բերվող օժանդակությունները ով պետք է տնօրինի, և ում պետք է հասնի: Այդ իրավիճակը ստեղծվել է, որովհետև Արևմուտքի այստեղի հովանավորյալները ներշնչել էին Արևմուտքի ազդեցիկ հաստատություններին, Եվրամիության հաստատություններին, նույն ԵԺԿ-ին, որ Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները ուղղակիորեն պայմանավորված են Սերժ Սարգսյանի իշխանության ամրապնդմամբ: Այսօր նրանք սթափվեցին, այսօր նրանք իրենց կարողությունները ինքնուրույն են փորձելու օգտագործել, նրանք Սերժ Սարգսյանի ձեռքից վերցրել են այդ հնարավորությունը, դրա դիմաց Ռուսաստանը կրկնելու է Արևմուտքի սխալը: Այսինքն իր բոլոր ռեսուրսներն ու կարողությունները տալու է Սերժ Սարգսյանին, և պատմությունը կրկնվելու է»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Նա անդրադարձավ նաև Վլադիմիր Պուտինի դեմ ուղղված բողոքի ակցիաներին՝ մասնավորապես նշելով հետևյալը․ «Առաջին անգամ է անկախ պետականության տարիներին, որ Հայաստանում սկիզբ են առնում հակառուսական տրամադրություններ: Նույնիսկ «Օղակ» գործողությունից հետո և դրա ժամանակ Հայաստանում հակառուսական տրամադրություններ չեն եղել, հակախորհրդային տրամադրություններ կային, բայց ոչ՝ հակառուսական: Ակնհայտորեն երիտասարդության մեջ դրսևորվեցին հակառուսական տրամադրություններ… Եթե դա պետք է լիներ ՄՄ-ին անդամագրվելու գինը, ապա մտածելու բան է՝ արդյո՞ք արժի այդ գինը վճարել: Սա իսկապես լուրջ մարտահրավեր է:
Մարդը, որը ակտիվություն է ցուցաբերում, արդեն իսկ ողջունելի է: Այդ մարդը գոնե երկրից չի հեռանա, այդ մարդը գոնե պատրաստ է մնալ երկրում և պայքարել ինչ-որ նպատակների համար: Չարյաց փորքագույնն է: Թե չէ մարդիկ գլխապատառ փախչում են երկրից՝ անիմաստ համարելով ցանկացած տեսակի պայքար: Ես կողջունեի եթե նույնիսկ իմ դեմ պայքարի դուրս գային»:









































