Իրանն արձակման է նախապատրաստել սեփական արտադրության երկու նոր արբանյակ՝ «Տադբիրն» ու «Շարիֆը»: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Համիդ Ֆազելիին, այդ տիեզերական սարքերը մշակվել են Թեհրանի Ամիր Կաբիրի անվան տեխնոլոգիական համալսարանում: Դրանք շուրջերկրյա ուղեծիր դուրս կբերվեն 2014-ի սկզբին՝ «Սիմուրգ» հրթիռակրի օգնությամբ:
«Այժմ փորձարկվում են այդ արբանյակները»,-ասել է Ֆազելին՝ նշելով, որ սարքերը նախատեսված են հեռահաղորդակցական ոլորտում կիրառելու և Երկրի վրա գտնվող օբյեկտները նկարահանելու համար:
Հիշեցնենք, որ Իրանը 1959 թվականին ստեղծված Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության կիրառման ՄԱԿ-ի կոմիտեի 24 հիմնադիր երկրներից մեկն է:








































