Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:
Հիմնական զեկուցող, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ օրենքի փոփոխությամբ իրենք լուծում են երեք կարևորագույն հարց. առաջինը քաղաքական է:
«Բանն այն է, որ ՀՀ սահմաններից դուրս հազարավոր հայ երիտասարդներ, որոնց 27 տարին արդեն լրացել է, գտնվում են քրեական հետախուզման մեջ, հնարավորություն չունեն վերադառնալու Հայաստան: Այս օրենքի ընդունմամբ մենք հնարավորություն կտանք հազարավոր մարդկանց վերադառնալ Հայաստան: Երկրորդ հարցը իրավական է. հազարավոր մարդիկ դատախազության կողմից գտնվում են հետախուզման մեջ, հետևաբար մենք այս կերպ հնարավորություն ենք տալիս նրանց հետախուզումից ազատվել»,- ասաց նա:
Երրորդ կարևոր խնդիրն, ըստ Հակոբյանի, ֆինանսական է. դա ենթադրում է, որ այն մարդիկ, որոնք ցանկացած զորակոչի ընթացքում չեն ներկայացել, բաց են թողել, խուսափել են կամ տարբեր պատճառներով սահմանված կարգը խախտել են, յուրաքանչյուր զորակոչի համար վճարում են համապատասխան գումար, որն օգտագործվում է, բնականաբար, հանրապետությունում պետական խնդիրների կարգավորման համար: Ելնելով այս ամենից՝ առաջարկվում է համապատասխան օրենքում «2012թ. նոյեմբերի 1» բառերը փոխարինել «2013թ. դեկտեմբերի 1»-ով:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը փորձեց հասկանալ ժամկետը երկարաձգելու տրամաբանությունը՝ չնայած ներկայացված պատճառներին, որ սա քայլ է զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու: Ջհանգիրյանին հետաքրքիր էր՝ եթե կա վիճակագրություն, ապա թող ներկայացնեն՝ նախորդ ժամկետի երկարաձգումից մինչև այսօր ընկած ժամանակահատվածում քանի՞սն են ներկայացել և կատարել համապատասխան մուծումներ, որպեսզի պարզ լինի՝ դա բյուջեին որևէ ռեալ եկամուտ բերում է, թե՞ ոչ: Պատգամավորը հարցրեց՝ մի՞թե բավական չէ, քանի որ արդեն 4-րդ անգամ են օրենքի գործողության ժամկետը երկարաձգում. մի կողմից՝ հնարավորություն են տալիս, որ 27 տարին լրացած մեր հայրենակիցները վերադառնան, խուսափեն քրեական պատասխանատվությունից, մյուս կողմից էլ՝ նպաստում են, որ նրանք մնան դրսում, քանի որ ծառայելու, կամավոր վերադառնալու ցանկություն չունեն, ուստի պիտի մնան մինչև 27 տարին լրանալը։
«Չունե՞ք այդպիսի մտավախություն, որ տարեցտարի կրկնելով՝ արհեստական սողանցք ենք ստեղծել, որ նաև զինվորական ծառայությունից խուսափող քաղաքացիները մնան արտերկրում, 27-ը լրանա, նոր գան»,- հարցրեց նա։
Նախարարը նշեց, որ ամբողջությամբ կիսում է պատգամավորի մտահոգությունը, բայց միաժամանակ ասաց, որ բոլոր դեպքերում՝ խուսափողները կխուսափեն։ Հակոբյանը նշեց, որ կան դեպքեր, երբ երիտասարդները տարբեր պատճառներով գտնվելով արտերկրում՝ ուսման, աշխատանքի և այլնի համար, համենայնդեպս, վերադառնում և ծառայում են, բայց եթե որոշել են մինչև 27-ը չգալ, այսինքն՝ խուսափել ծառայությունից, նրանք միևնույն է՝ չեն գալու:
Նախարարի խոսքով՝ օրենքի կիրառման ժամկետի երկարաձգումը հույս է ներշնչում, որ նրանք կգան հայրենիք։ Հակոբյանը համոզված է՝ ոչինչ չանելով էլ մենք «բան չենք շահում», քանի որ նրանց հնարավորություն չենք տալիս երկիր գալու։
«Հազարավոր մարդկանց նկատմամբ հետապնդումը շարունակվում է, բանակի առումով՝ չէի ասի, որ լավագույն որոշումն է, բայց ազգային քաղաքական տեսակետից, բարոյական առումով, համենայնդեպս՝ ինչ-որ քայլ անում ենք, որպեսզի հայրենիք վերադարձողների թիվն ավելանա»,- ասաց նա։
Վիճակագրական թվեր ներկայացնելով՝ նախարարը նշեց, որ յուրաքանչյուր տարի շուրջ 1000 զինապարտ է ներկայացել և կատարել համապատասխան մուծումներ։ Անցնող օրենքից կիրառման ժամկետը երկարաձգելու արդյունքում 1241 մարդ է ներկայացել, որոնք 2 մլրդ-ից մոտ 100 մլն պակաս մուծումներ են կատարել համապատասխան ֆոնդ։ Հակոբյանի խոսքով՝ այս պահին կրկին 1000 մարդ նույն վիճակում են, նրանց 27-ը դեռ չի լրացել, և նրանք գտնվում են հետապնդման մեջ:










































