Հայաստանում դեռ շարունակվում է հանրայնորեն քննարկվել ՌԴ նախագահ Պուտինի հայաստանյան այցը: Ոմանք այդ այցը համարում են Հայաստանի գաղութացման հերթական դրսևորում, ոմանք հիացած են այցի արդյունքներով՝ այս վերջինները բացառապես իշխանական և մերձիշխանական շրջանակներ են, ոմանք էլ, իհարկե, շարունակում են խոսուն լռություն պահպանել՝ «լավը կամ ոչինչ» տարբերակով:
Այս գնահատականներում, սակայն, չի նշվում այցի մի կարևոր արդյունք, որով Պուտինը կամա, թե ակամա բացահայտեց Հայաստանի իշխանությունների էությունը, բացահայտեց առավել քան խոսուն և ակնառու: Խնդիրը Հայաստան մատակարարվող ռուսական գազի պատմությունն է: Նախօրեին, ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանած էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի յուրաքանչյուր պատասխան կարելի է Հայաստանի իշխանական համակարգի ռենտգեն համարել, ռենտգեն, որը մանրամասն ցույց է տալիս, թե ինչքան անառողջ է այդ համակարգը, թե ինչքան հեռու է այդ համակարգը թափանցիկությունից և հաշվետվողականությունից, չնայած վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հավաստիացումներին, թե իրենք աշխատում են բաց և թափանցիկ, հաշվետվողական սկզբունքով:
Այս ամենը չէր լինի, եթե Հայաստան չգար Պուտինը, և որպես այցի, այսպես ասած, ձեռքբերում իշխանությունները չներկայացնեին գազի վերաբերյալ համաձայնությունները: Քանի որ այցի, ըստ էության, այլ շոշափելի ձեռքբերումներ չկային, իշխանությունները, բնականաբար, պետք է բացեին գազի թեման, թեև այստեղ էլ ձեռքբերում ասվածը հարաբերական է՝ այնքանով, որքանով: Այսինքն` Ռուսաստանը մի քանի ամիս թանկացրել է գազը, որ հետո էժանացնի, և հայտարարեն, որ էժանացրել է ի սեր Հայաստանի: Սակայն պարզվում է, որ սա ընդամենը քարոզչություն է, պարզ քարոզչություն, քանի որ Հայաստանն այս ամենից ոչ միայն ոչինչ չի շահում, այլ կորցնում է «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը: Սակայն պարզվում է, որ Հայաստանի պարտքը այնքան չէ, ինչքան այդ 20 տոկոսն է գնահատվել՝ 150 միլիոն: Պարզվում է, որ Հայաստանը 300 միլիոն է պարտք, կուտակել է 2011 թվականի ապրիլից, ինչպես Հայաստանի իշխանության ռենտգենն է ցույց տվել, այսինքն` էներգետիկայի նախարարի ճեպազրույցը լրագրողների հետ:
Պարզվում է, որ Հայաստանը պարտք է կուտակում երկու տարի շարունակ, իսկ այդ ընթացքում իշխանությունները ոչ մի բառ անգամ չեն բարձրաձայնում: Ավելին` հասարակության հարցերին պատասխանում էին, որ թանկացում չկա: Ահա Պուտինի այցելության ամենաշոշափելի արդյունքները՝ Հայաստանի իշխանությունները ստիպված եղան խոստովանել, որ երկու տարի շարունակ հասարակության, պետության վզին 300 միլիոն դոլար պարտք են կուտակել և ծպտուն անգամ չեն հանել այդ մասին: Նման դեպքերում իշխանությունները հրաժարական են տալիս, դա է պահանջում և՛ պետական տրամաբանությունը, և՛ մարդկային բարոյականությունը: Սակայն, մյուս կողմից, այս երկուսը փնտրելը Հայաստանի իշխանական համակարգում կնշանակի զբաղվել Սիզիփոսյան աշխատանքով:
Իշխանությունները, իհարկե, հաճույքով մի քանի ամիս և գուցե տարի էլ այս ամենը փակ կպահեին, եթե հարկ չլիներ Պուտինի այցի կապակցությամբ բարձրաձայնել այդ ամենը որպես ձեռքբերում: Այլապես և Պուտինը կարող էր չներել, և կստացվեր, որ իսկապես ներկայացնելու ոչ մի նույնիսկ ձևական-հարաբերական արդյունքներ չկան, միայն խոսքեր ու խոսքեր: Այս իսկ պատճառով իշխանությունները գերադասեցին մեծ խաբեության բացահայտումը, որ գոնե Պուտինի անվան դիմաց մի մեծ պլյուս դրվի: Վերջիվերջո, հասարակության հանդեպ նման կերպ վարվելը Հայաստանի իշխանությունների համար ոչ առաջինն է և ոչ էլ վերջինն է լինելու, այնպես որ` նրանք այս հարցում որևէ պատասխանատվության վտանգ չեն զգում: Իսկ ահա, եթե Պուտինը բարկանար, որ իշխանությունները մատը մատին չեն խփել հայ ժողովրդի հանդեպ իր մեծահոգությունն ու փրկիչ էությունը կոնկրետ ներկայացնելու, գեթ մի օրինակով հաստատելու համար, պատասխանատվությունը նրա առաջ կարող էր անխուսափելի լինել: Այդ իսկ պատճառով նախընտրելի եղավ սեփական խաբեբայության, նույնիսկ կարելի է ասել` խարդախության բացահայտումը:
Այս ամենը տեսնելուց հետո մնում է միայն տագնապով մտածել, թե ինչ է կատարվում մյուս` լրջագույն և գազից շատ ավելի լուրջ հարցերում, օրինակ` ղարաբաղյան խնդրով բանակցություններում, անվտանգության, տնտեսական ռազմավարական նախագծերի վերաբերյալ տարաբնույթ բանակցություններում, որին մասնակցում են Հայաստանի իշխանությունները: Ինչ են անում նրանք այդ գործընթացներում, ինչ են թաքցնում հասարակությունից, և ինչ, որտեղ և երբ պետք է կատարվի, որ բացահայտվեն այդ հարցերում եղած հավանական խաբեությունները: Եվ ինչը կարևոր է՝ բացահայտվեն գոնե ոչ թե պոստֆակտում, այսինքն` երբ բանը բանից անցած կլինի, այլ մինչև այդ, որպեսզի ամեն ինչ շտկելու շանսերը հասարակության համար ավելի մեծ լինեն:
Միևնույն ժամանակ, այս ամենից հետո պարզապես զարմանալի է քաղաքական ուժերի արձագանքը, հատկապես նրանց, որոնք խորհրդարանում են և տարբեր մանր հարցերում վճռական ճակատամարտերի են դուրս գալիս ՀՀԿ-ի դեմ: Նման մասշտաբի խաբեությունների բացահայտումը ուղղակի պետք է պայթեցներ խորհրդարանական ընդդիմություն կոչված ուժերին, սակայն ըստ երևույթին խաբեությունները նրանց համար այլ նշանակություն ունեն:
Նրանք սպասում են, թե որ խաբեության վրա պետք է հասարակության համբերության բաժակը լցվի, որ այդ բաժակից հագեցնեն իրենց ծարավը: Իսկ ավելին անել, հնարավոր խաբեությունները բացահայտել կամ կանխելու համար իշխանություններին արմատական պահանջներ ներկայացնել նրանք կարծեք թե չեն պատրաստվում, որովհետև ինչպես Պուտինի այցը ցույց տվեց, Հայաստանի քաղաքացիների հանդեպ իշխանությունների խաբեություններ բացահայտելը նրա մենաշնորհն է:










































