ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որը ՀՀԿ-ի համար անակնկալ կողմ քվեարկեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր քվեարկությամբ ինքն արտահայտել է իր կարծիքը և քվեարկել իր խղճով։ Հարցին՝ ՀՀԿ-ում վրդովված են պատգամավորի քվեարկությամբ, նշեց․ «Իրենց խնդիրն է»։
«Ես քվեարկել եմ մայիսի մեկին՝ ելնելով մեր ֆրակցիոն կարգապահությունից, թիմում միասնականության գաղափարից և աշխարհաքաղաքական գործոններից, սակայն կա մի սահման, որից հետո քաղաքական գործչի համար սկսվում է համաժողովրդական պահանջին ականջալուր լինելու ժամանակ, և մայիսի ութին, իմ քվեարկությամբ, ես ընդառաջ եմ գնացել իմ ընտրողներին, իմ ուսանողներին, իմ ընկերներին, ինձ ճանաչողներին»,- ասաց նա՝ հավելելով, որ չի զղջում իր քվեարկության համար և հպարտ է, որ կատարել է այդպիսի քվեարկություն։







































