Հյուսիսային Կորեայում հնարավոր է իրադարձությունների զարգացման «լիբիական սցենարը», եթե Վաշինգտոնին և Փհենյանին չհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել։ Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
«Բայց եթե մենք գործարք կնքենք, ես կարծում եմ, որ Կիմ Չեն Ընը շատ գոհ կլինի»,-ասել է Թրամփը։
Նա ասել է, որ ԿԺԴՀ առաջնորդի հետ հանդիպման նախապատրաստությունը շարունակվում է։
«Հյուսիսային Կորեան մեզ հետ խոսում է ասես ոչինչ չի եղել։ Մենք շարունակում ենք բանակցություններ վարել հանդիպման վայրի մասին՝ ինչպես հանդիպել, որտեղ հանդիպել և այլն»,-հավելել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ և ԿԺԴՀ առաջնորդների՝ պատմության մեջ առաջին հանդիպումը սպառնալիքի ներքո է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի արտահայտության պատճառով, որից դժգոհել է Փհենյանը։ Վերջինն ասել է, որ կցանկանար ԿԺԴՀ-ի միջուկային զինաթափումը «լիբիական սցենարով», այսինքն՝ առանց նախապայմանների միջուկային զենքի հանձնում և մյուս կողմից առանց զիջումների։











































