«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրականում գրում է.
Հերթական վրդովված ընթերցողն է զանգել խմբագրություն: Ես, որ սովորաբար շարքային ընթերցողի զանգերից հուզվում եմ և պահանջում, որ բոլորն առավելագույն հարգանքով ու բարյացակամությամբ արձագանքեն այդ զանգերին, կարճ ժամանակ անց սկսում եմ հունից դուրս գալ: Մարդը զանգել է իր վրդովմունքը հայտնելու մեր «արևմտամետության» կապակցությամբ և պահանջում է տպագրել իր պատասխան հոդվածը, որտեղ փառաբանում, գրեթե աստվածացնում է Հայաստան ժամանած «ռուս ցարին» և կարծում է, որ մեր միակ փրկությունը Մաքսային-Եվրասիական միությանն անդամակցելու մեջ է: Նրա գլխավոր փաստարկը, անշուշտ, մեր թշնամական շրջապատն է, հիմնական մեղադրանքը՝ «եվրոպաների հետ ոտ մի գցեք», ուստի միակ հույսը՝ ռուսական զինուժը: Նախ, մեղմորեն առարկում եմ, ասելով, որ թուրքի հանդեպ գենետիկ վախից պետք է ազատվենք:
Ապա հիշեցնում եմ, որ միշտ չէ, որ ռուսական զինուժը մեզ փրկել է: Հետո փորձում եմ «թասիբի» գցել. 90-ականներին էլ ոմանք ասում էին՝ թուրքն ու ադրբեջանցին մի օրում կհասնեն Երևան, տեսա՞ք, որ հակառակը եղավ՝ քիչ էր մնում մենք հասնեինք Բաքու: Եվ ընդհանրապես, քո անմիջական հարևանից հեռավոր հարևանի ձեռքով պաշտպանվելը ոչ միայն թուլության նշան է, այլև անհեռանկար արտաքին քաղաքականություն. ի վերջո՝ մի օր պետք է լուծենք այս տարածաշրջանում խաղաղություն, հարևանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու հարցը, և ինչքան երկար մնա ռուսական զինուժը մեր հողում, այնքան ուշանալու է այդ հարցի լուծումը: Բայց զրուցակիցս անդրդվելի է՝ իր ճշմարտացիության մեջ համոզված: Միակ զիջումը, որ արեց, «դա ձեր կարծիքն է» արտահայտությունն էր, որը, ի դեպ, քիչ չէ: Մարդը, որն ընդունակ է լսել դիմացինին, մի օր էլ կարող է ընդունել նրա փաստարկների ճշմարտացիությունը:








































