Մի քանի օր առաջ Ոսկու շուկայի աշխատակիցների կողմից բարձրացված բողոքի ալիքը մարել է, անհատ ձեռներեցների մոտ սկսված ստուգումներն էլ դադարեցվել են:
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարի հրամանով՝ նոյեմբերի 25-26-ը շուկայի վերահսկողության տեսչությունը ստուգումներ էր իրականացրել Ոսկու շուկայում անհատ ձեռներեցությամբ զբաղվողների մոտ՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգի և հարգադրոշմի համապատասխանության հետ կապված: Ոսկու շուկայի մի շարք աշխատակիցների վստահեցմամբ՝ իրենցից մի քանի հոգի ստուգումների արդյունքում տուգանվել էին 2 միլիոն դրամի չափով, իսկ մոտ 10 աշխատակից էլ՝ 50-հազարական դրամով: Բոլորն էլ՝ նույն պատճառաբանությամբ՝ վաճառվող ոսկու հարգը լավ չի նշմարվում կամ ճիշտ չի դրոշմված: Ի նշան բողոքի՝ գործադուլ հայտարարած վաճառողները հինգշաբթի օրը հավաքվել էին նաև կառավարության դիմաց, որտեղից Ոսկու շուկայի աշխատողներին խոստացել էին ուսումնասիրել խնդիրը և պարզաբանում տալ:
Ոսկու շուկայի վաճառողներից Շողիկ Առաքելյանն այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ կառավարությունից իրենց աշխատակիցներից մեկին կանչել և զրուցել են: Բայց, տիկին Շողիկի խոսքով, կառավարության ներկայացուցչի խոսքից այն է հասկացվել, որ այդ աղմուկի հետևում իրականում կանգնած է հենց Ոսկու շուկայի տերը՝ Վաղարշ Աբրահամյանը: «Իրենց ասածից էնպես է ստացվել, որ Վաղարշի վրա է այդ բոլորը: Բայց եթե Վաղարշի վրա է, թող գնային նրա պրոբինսպեկցիային տուգանեին, պատասխանատվության ենթարկեին՝ ոսկու հարգը սխալ գրելու համար, այլ ոչ թե մարդկանց»,- ասաց տիկին Շողիկը:
Ի դեպ, վերջինս հաստատեց էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի խոսքը, թե ոչ ոք միլիոնի չափով չի տուգանվել: Ավելին, նույնիսկ 50 հազարի չափով տուգանվող չի եղել: «Այո, դա ճիշտ է, քանի որ տուգանքը բանավոր է եղել: Արձանագրություն չի կազմվել տուգանման մասին, քանի որ, ինձ թվում է, իրենք ցանկացել են, որ դա կիսովի լինի: Բայց ոչ մեկը նույնիսկ 50 հազար դրամով չի տուգանվել»,-ասաց տիկին Շողիկը: Նա նաև ասաց, որ բանավոր տուգանվողների մոտ ինքը նույնիսկ թուղթ է տեսել, որտեղ գրված է եղել, որ ստուգումը նորմալ է անցել, և ոչ մի թերություն չի արձանագրվել, իսկ տուգանվողը ստորագրել է դրա տակ:
Նշենք, որ բողոքի ակցիայի ժամանակ ևս մի քանի վաճառող ասում էին, որ ստուգողների կողմից իրենց առաջարկվել է տուգանքը «կիսվել»:
Շողիկ Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ ինչու էին ակցիայի օրը ստում՝ հայտարարելով, որ իրենց տուգանել են, ինչը նա հետևյալ կերպ բացատրեց. «Եթե մենք այդ օրը ոտքի չկանգնեինք, պատկերացնում եմ՝ ինչ կլիներ: Չնայած մեզ ոչ մի հստակ պատասխան էլ դեռ չեն տվել: Իրենք պարզապես ժամանակավորապես դադարեցրին ստուգումները մինչև Ռուսաստանի ղեկավարը գար-գնար, աղմուկ չլիներ»:












































