ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ դուրս գալ իրանական միջուկային գործարքից, Եվրոպային շատ բարդ իրավիճակի մեջ է դնում։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգներում ԵՄ դեսպան Դեվիդ Օ’Սալիվանը։
«Մենք իրոք շատ ենք ափսոսում նախագահի ընդունած որոշման համար։ Եվ, հնարավոր է, մենք չպետք է զարմանանք այն ամենից հետո, ինչ ասվել է, սակայն մենք գտնում ենք, որ դա մեզ շատ բարդ իրավիճակի մեջ է դնում»,– ասել է դեսպանը։
Դիվանագետի խոսքերով՝ միջուկային գործարքի նպատակն է «թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա» և «գործարքը Իրանի հետ միջազգային հանրության բոլոր խնդիրները լուծելու միտում չի ունեցել»։ Օ’Սալիվանը նշել է նաև, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը 10 հաշվետվություններում հաստատել է Իրանի կողմից գորարքի կետերի պահպանումը։
«Մենք Եվրոպայում հավատում ենք, որ պարտավոր ենք շարունակել կատարել մեր պարտականությունները, եթե ցանկանում ենք, որ Իրանը մնա գործարքի մեջ»,– հայտարարել է Օ’Սալիվանը, ավելացնելով, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը «եվրոպական անվտանգության գլխավոր տարրերից» է հանդիսանում։












































