Ֆրանսիայի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որն իշխանություներին համացանցում առավել մեծ ազատություն կշնորհի: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Այժմ ֆրանսիական հատուկ ծառայությունները կարող են հասանելիություն ստանալ օգտատիրական տվյալներին՝ առանց դատարանի որոշման նրանց անձնական կյանքի մասին տեղեկությունների հավաքելու համար:
Քաղաքացիական իրավունքների ու ազատությունների համար պայքարող ակտիվիստներն արդեն հայտարարել են, որ նոր օրինագիծը խախտում է ժողովրդավարության սկզբունքները: Փաստաթղթի 13-րդ հոդվածն ընդլայնում է ֆրանսիական հատուկ ծառայությունների լիազորությունները և թույլ տալիս նրանց լրտեսել ցանկացած մարդու և նրա մասին տվյալներ հավաքել իրական ժամանակում` առանց դատական վերահսկողության:
Եթե օրենքն ընդունվի, ֆրանսիական հետախուզությունը կարող է փրովայդերներին պարտավորեցնել մանրամասն տեղեկատվություն տրամադրել համացանցում օգտատերերի ակտիվության մասին:
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լյո Դրիանի առաջարկած օրենսդրական փոփոխություններին կողմ են քվեարկել սոցիալիստներն ու արմատական ձախերը:
Սենատը կարող է երկրորդ ընթերցմամբ օրենքը քննարկել արդեն դեկտեմբերի կեսերին:









































