Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբն այսօր դիմել է ՀՖՖ՝ բողոքարկելով կարգապահական կոմիտեի որոշումը կիրառված պատժամիջոցների վերաբերյալ: Հիշեցնենք, որ պայմանավորված հանդիպում անցկացնելու փորձի համար ՀՖՖ կարգապահական կոմիտեն որոշում էր կայացրել Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում «Շիրակից» վաստակած միավորներից չեղարկել 12-ը, թիմի մարզիչ Արարատ Հարությունյանին ցմահ որակազրկել, ինչպես նաև ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով, այսինքն՝ 7 միլիոն դրամով:
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը շարունակ հայտարարում է, որ ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումն անօրինական է: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մայիսի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ որոշում ընդունելիս հնարավոր է կարգապահական կոմիտեն սխալվել է՝ կոչ անելով սպասել վերջնական որոշմանը: Փորձենք հասկանալ՝ որն է ՀՖՖ-ի և Ռուբեն Հայրապետյանի սխալը և կողմնակալ քայլը՝ կայացված որոշման հետ կապված:
Ըստ ՀՖՖ պաշտոնական հաղորդագրության՝ «Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոն 03.05.2018թ.-ին դիմել էր իրենց և տեղեկացրել, որ իրեն «Շիրակ» ՖԱ մարզիչ Արարատ Հարությունյանի կողմից առաջարկվել է իրականացնել պայմանավորված խաղի կազմակերպում 05.05.2018 թվականին կայանալիք ՀՀ Բարձրագույն խմբի «Բանանց»-«Շիրակ» հանդիպման ժամանակ: Համաձայն Էդվարդ Կպոդոյի կողմից ակումբին ներկայացված դիմումի՝ Արարատ Հարությունյանի կողմից իրեն տրվել է նախնական 1000 ԱՄՆ դոլար կանխավճար, իսկ խաղի ընթացքում սխալներ թույլ տալու համար, որի հետևանքով «Շիրակ» ՖԱ-ն գոլեր կվաստակի, նրան խոստացվել էր ևս 4000 ԱՄՆ դոլար: «Բանանց» ակումբը գրությանը կից ներկայացրել է նաև ֆուտբոլիստի և Արարատ Հարությունյանի միջև եղած հեռախոսային զրույցի ձայնագրություններ, ինչպես նաև նրանց միջև եղած տեքստային հաղորդագրությունների պատճենները:
Հայտարարության մեջ հստակ է, որ «Բանանց» ակումբը Կպոդոյի և Հարությունյանի խոսակցության մասին ՀՖՖ-ին հայտնել է մայիսի 3-ին, իսկ «Բանանց»-«Շիրակ» մրցավեճը տեղի է ունեցել երկու օր անց՝ մայիսի 5-ին: Մամուլի ասուլիսի ժամանակ Հայրապետյանն իր գոհունակությունը հայտնեց «Բանանցին» ստոր արարքը կանխելու համար: «Բանանց» ֆուտբոլային ակումբը խաղից երկու օր առաջ դիմելով ՀՖՖ-ին՝ դե ֆակտո և դե յուրե կանխել է խաղի պայմանավորված լինելը: Հետևաբար «Բանանց»-«Շիրակ» հանդիպումը ամենևին էլ պայմանավորված՝ կազմակերպված բնույթի չի եղել:
Այնուամենայնիվ, ՀՖՖ կարգապահական կոմիտեն «Շիրակին» պատժել է՝ հիմք ընդունելով կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածի առաջին կետը՝ իրավաբանական անձի կողմից կազմակերպված հանդիպում անցկացնելու մասին, որը ներկայացնում ենք ստորև:

Ստացվում է, որ ՀՖՖ-ն «Շիրակին» պատժել է կազմակերպված հանդիպում կազմակերպելու համար՝ մի կողմ դնելով այն հանգամանքը, որ խաղը ամենևին էլ կազմակերպված բնույթի չի եղել: Նշենք նաև, որ Կանոնակարգի սույն հոդվածն ունի նաև երկրորդ կետ՝ պայմանավորված հանդիպում կազմակերպելու փորձով: Ակնհայտ է, որ «Շիրակի» դեմ պատժամիջոց նշանակելիս ՀՖՖ կարգապահական կոմիտեն պետք է կիրառեր 12-րդ հոդվածի 2-րդ կետը:

ՀՖՖ-ն և Ռուբեն Հայրապետյանը նշում էին, որ իրենք մեղմ պատիժ են կիրառել, և որ կարող էին «Շիրակին» ուղարկել ավելի ցածր դիվիզիոն: Դե բնական է, որ ֆուտբոլային համակարգում արդեն 16 տարի գերիշխում է «բեսպրեդելը»:
Հայրապետյանի հայտարարության ենթատեքստում այն է, որ գյումրեցի երկրպագուները դեռ պետք է իրենից շնորհակալություն հայտնեն մեղմ որոշման համար: «Շիրակի» դեմ Կանոնակարգի 12-րդ հոդվածի 2-րդ կետի փոխարեն 1-ին կետը կիրառելը հերթական անգամ խոսում է «Շիրակի»՝ Ռուբեն Հայրապետյանի սև ցուցակում լինելու մասին: Կարծում ենք՝ տեղի ունեցածի վերաբերյալ այսքան մեծ աղմուկ չէր բարձրանա, եթե ՀՖՖ կարգապահական կոմիտեն կիրառեր 12-րդ հոդվածի երկրորդ կետը՝ որակազրկելով Արարատ Հարությունյանին և տուգանելով «Շիրակին»: Սա կլիներ միանգամայն օբյեկտիվ որոշում: Բայց ոչ, կրկին անգամ կոպտագույն սխալ թույլ տալով՝ Հայրապետյանը փորձ է անում ծանր հարված հասցնել «Շիրակին»՝ զրկելով այս թիմին չեմպիոնությունից:
Ցավալի է նաև, որ հայկական որոշ թիմեր փորձում են օգտվել հայտնի որոշումից և նույնիսկ ուլտիմատում են ներկայացնում: Ոմանք չենք գիտակցում, որ տեղի ունեցած դավադրությունը չկանխելու և գործող համակարգը հանդուրժելու դեպքում «բեսպրեդելի» դրսևորումները վաղը կարող են շարունակվել իրենց իսկ դեմ: Վաղը Հայրապետյանը կարող է չցանկանալ, որ, ասենք, «Ալաշկերտը» դառնա չեմպիոն, և գործի դնի այլ տեխնոլոգիաներ: Ժամանակին մրցավար Արարատ Ճաղարյանի միջոցով Ռուբեն Հայրապետյանը չեմպիոնությունից զրկեց Երևանի «Արարատին»՝ չեմպիոն սարքելով իր «Փյունիկին»: Արատավոր երևույթները կարելի է շարունակ թվարկել: Հիմա, սակայն, եկել է սթափվելու և ամենաթողության վերջը դնելու ժամանակը:







































