Անհայտ անձինք Մեքսիկայում առևանգել են ռադիոակտիվ նյութեր փոխադրող ֆուրգոն: Այս մասին հայտնել են Իդալգո նահանգի դատախազությունում:
Խոսքը կոբալտ-60 ռադիոակտիվ նյութի մասին է, որը գտնվել է ֆուրգոնի ներսում տեղակայված հատուկ բեռնարկղում:
RIA Novosti-ի փոխանցմամբ՝ մեքենան առևանգվել է այն պահին, երբ վարորդը կանգ է առել վառելիքի լիցքավորման համար, չնայած անվտանգության կանոնների համաձայն՝ նման մեքենաները չպետք է կանգ առնեն:
Բենզալցակայանում զինված հանցագործները հարձակվել են վարորդի վրա ու տիրացել ֆուրգոնին:
Իդալգոյի նահանգապետ Ֆրանսիսկո Օլվերա Ռուիսն արդեն հայտնել է, որ նահանգում տագնապ է հայտարարել՝ կապված վտանգավոր նյութի կորստի հետ: Անվտանգության ծառայության բոլոր ստորաբաժանումները պատրաստության բարձր աստիճանի են բերվել:








































