«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն։
– Այն երկրները, որոնք նախկինում մտել էին ԽՍՀՄ կազմի մեջ, այդ թվում՝ Ուկրաինան, Մոլդովան և Հայաստանը, իրավունք ունեն սեփական քաղաքականությունը վարելու, դրան պետք է հարգանքով վերաբերվել, այլապես հնարավոր չի լինի երկկողմ հարաբերություններ կառուցել. նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ինչպե՞ս եք գնահատում իր այս հայտարարությունները երևանյան իրադարձությունների ֆոնին։
– Ինչպե՞ս կարող ենք գնահատել հայտարարությունն այն մասին, որ Վոլգան Կասպից ծով է թափվում, ձմռանը հաջորդում է գարունը, այնուհետև՝ ամառը։ Երևի՝ ինչպես կապիտան Օչևիդնոստիի խոսքերը։ Նա սուպերհերոս է, որը միշտ պատրաստ է գալ մարդկանց օգնության, որպեսզի արտահայտի արդեն իսկ առկա պարզ ճշմարտությունը։ Բայց ես կշարունակեի Վլադիմիր Վլադիմիրովիչի միտքը և այսպես կարտահայտվեի. մեծ խաղացողները միշտ էլ իրենց պայմաններն են դնելու ավելի փոքրերի առաջ և փորձելու են իրավիճակն օգտագործել հօգուտ իրենց։ Ես այստեղ նորից հանդես կգամ կապիտան Օչևիդնոստիի դերում։
Երևանյան իրադարձությունների ֆոնին դա այսպես է հնչում. այո՛, ձեզ մոտ իշխանափոխություն է եղել, և դուք իրավունք ունեք սեփական քաղաքականությունը վարելու։ Մենք էլ իրավունք ունենք մեր քաղաքականությունը վարելու։ Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչ նկատի ունեմ ես։
– Շարժումը չուներ աշխարհաքաղաքական ուղղվածություն, դա ինչքանո՞վ օգնեց հաջողության հասնելուն։ Փաշինյանը խնդիր չէր դրել փոխել աշխարհաքաղաքական կուրսը և մինչև վերջ պնդում էր, որ դա միայն Հայաստանի ներքին խնդիրն է։
– Այստեղ երկու հարց կա. առաջինը՝ ներքին քաղաքականության մասին։ Արտաքնապես շարժումը չուներ և չէր էլ կարող ունենալ քաղաքական ուղղվածություն՝ այն պատճառով, որ հիմնական խաղացողները Հայաստանի քաղաքական դաշտում մեկտեղված էին Սերժ Սարգսյանի ստեղծած քաղաքական համակարգում։ Բայց կհամարձակվեմ պնդել, որ առանց քաղաքական դաշտի էրոզիայի և նույնիսկ իշխանության ներսի էրոզիայի հեղափոխություններ հնարավոր չեն։ Այդ պատճառով էլ քաղաքական ուղղվածություն իհարկե կար, բայց մենք այն չենք տեսել։
Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն այն իրավիճակում, որում հիմա գտնվում է Հայաստանը տարածաշրջանում, կարող է դնել միայն ոչ շատ խելացի մարդը։ Փաշինյանն այդպիսին չէ։ Արտաքին խաղացողների մասնակցության չափը բոլոր իրադարձություններում նվազագույնը չէր երևում, իսկ հետագայում մենք կարող ենք միայն տարբերակներ առաջ քաշել, թե դա ում էր ձեռնտու և ինչու։ Այսօր այդ թեմայով տեսակետների առաջքաշումը հնարավոր է միայն մասնագետների փակ քննարկումների ժամանակ, դա հանրայնացնելը կարող է խախտել քաղաքական վերլուծության գլխավոր պայմանը՝ չվնասել։ Ինչպես կգործեն արտաքին խաղացողները, առաջին հերթին՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Չինաստանը, կհետևենք և հետևություններ կանենք։
– Ձեր կարծիքով՝ Կրեմլում չկա՞ն մտահոգություններ Հայաստանում տեղի ունեցածի հետ կապված՝ այն իմաստով, որ հետխորհրդային երկրներում ավտորիտար համակարգերը փոխելու տենդենց կա, և այդ ալիքը կարող է տարածվել այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի վրա։
– Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով և առաջին հերթին հետևելով ճգնաժամի ընթացքում Կրեմլի պահվածքին՝ ես խիստ կասկածում եմ, որ Կրեմլն ինչ-որ մտահոգություններ կարող է ունենալ։ Ընդհանրապես գունավոր հեղափոխությունները բնական աղետ չեն, որ աշխարհագրորեն տարածվեն։ Այդ գործընթացի համար կան որոշակի տեխնոլոգիաներ, և անհրաժեշտ է մենեջմենթ, իհարկե նաև՝ համապատասխան պայմաններ։ Այդ պատճառով ինքնաբուխ տարածումը խիստ կասկածելի է, առավել ևս՝ Ռուսաստանի վրա։ Այն, որ այնտեղ ինչ-որ մեկը կարող է հեղափոխական ալիք սկսել, ծայրաստիճան կասկածելի է։ Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ անհնար է վաղը։ Հեղափոխությունները, հեղաշրջումները, պատերազմները, պատժամիջոցները՝ դրանք միջազգային քաղաքականության գործիքներ են, և ամեն մեկը դրանցից օգտվում է իր հնարավորությունների սահմաններում։
– Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս կզարգանան հայ-վրացական հարաբերությունները հետագայում։ Կարծում եք՝ փոփոխություններ կլինե՞ն։
– Նորմալ կզարգանան, և այդ նորմալ զարգացումը նույնպես պայմանավորված է կոնկրետ պայմաններով, որում գտնվում են մեր պետությունները։ Չեմ կարծում, որ արտաքին խաղացողները և առաջին հերթին Մոսկվան հետաքրքրված կլինեն հայ-վրացական հարաբերությունների սրացմամբ։ Իսկ նրանք, ովքեր Հայաստանում և Վրաստանում գտնվում են իշխանության ղեկին՝ ովքեր էլ նրանք լինեն, միշտ էլ ունեն խելք, որ հասկանան, թե միմյանց նկատմամբ կտրուկ տեղաշարժերը որքան կործանարար կարող են լինել։ Իսկ թե որքանով խելքը կբավականացնի հարաբերությունները զարգացնելու պոտենցիալի առումով, որն անկասկած կա, ժամանակը ցույց կտա։









































