Բրիտանական «Pussy Riot. փանք-մոլեբեն» ֆիլմը դարձել է «Օսկար»-ի մրցանակի 15 հավակնորդներից մեկը՝ «Լավագույն փաստագրական ֆիլմ» անվանակարգում: Հավակնորդների ցանկը հրապարակվել է «Օսկար»-ի կայքում՝ հայտնում է lenta.ru-ն:
Նախապես այդ կատեգորիայում գրանցված 147 փաստագրական ֆիլմերից ընտրվել են 15-ը: Բացի Pussy Riot խմբի մասին պատմող ֆիլմից՝ ցուցակում ընդգրկվել են նաև այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ դանիական «Սպանության ակտ» («The Act of Killing»), ամերիկյան «Սև լողորդը» («Blackfish»), «Հրապարակը» («The Square», Եգիպտոս և ԱՄՆ), կանադական «Պատմություններ, որ մենք պատմում ենք» («Stories We Tell»), բրիտանական Which Way Is the Front Line from Here? The Life and Time of Tim Hetherington ֆիլմերը:
Քվեարկության ժամանակ կորոշվի մրցանակաբաշխության 5 հավակնորդների կարճ ցուցակը: «Օսկար»-ի 86-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2014-ի մարտի 2-ին:
«Pussy Riot. փանք-մոլեբեն» ֆիլմն անհայտ ֆիլմերի ամերիկյան «Սանդենս» կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի՝ «Համաշխարհային փաստագրական ֆիլմ» անվանակարգում:









































