Ուկրաինական պատվիրակությունը եվրաինտեգրման վերաբերյալ բանակցություններ անցկացնելու նպատակով չորեքշաբթի օրը մեկնի Բրյուսել, մեկ այլ պատվիրակություն էլ բանակցությունների համար Ռուսաստան կմեկնի, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
«Վաղը մեր պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, և մենք կշարունակենք բանակցությունները, որոնք հնարավորություն կտան Ուկրաինայի համար շահավետ պայմաններով եվրոպական ինտեգրման վերաբերյալ համաձայնագիր կնքել… Միաժամանակ հենց վաղը Մոսկվա կմեկնի մեկ այլ պատվիրակություն, և մենք ցանկանում ենք մեր ռազմավարական համագործակցությունն ամրապնդել Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է Ազարովը СТБ հեռուստաալիքի եթերում:
Նա ավելացրել է, որ «մենք ցանկանում ենք Ռուսաստանի Դաշնության հետ վերականգնել մեր առևտրատնտեսական հարաբերությունները, ցանկանում ենք, որպեսզի գործեն մեքենաշինական,տիեզերագնացության, ավիաշինության և այլ ոլորտները»,- փոխանցում է РИА Новости-ն:










































