Հայկական ֆուտբոլում շարունակվում են քննարկումները՝ կապված Գյումրիի «Շիրակի» նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ: Արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք այս թեմային, որը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ առանց այդ էլ խորը ճգնաժամի մեջ գտնվող հայկական ֆուտբոլի վրա:
Այժմ փորձենք հասկանալ, թե միջազգային պրակտիկայում ինչպիսի որոշումներ են կայացրել նմանատիպ իրավիճակներում: Տեղին է հիշել 2006 թվականին Իտալիայում բացված գործը, որը տեղի մամուլը անվանեց «Կալչիոպոլի»: Հետաքննությունը պարզեց, որ Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը գրեթե ամբողջությամբ ղեկավարում է իտալական ֆուտբոլի ողջ համակարգը, որի արդյունքում էլ թիմը իրար հետևից նվաճում էր չեմպիոնական տիտղոսները: Իրավական մարմինները հսկայական ծավալի աշխատանք կատարեցին, հավաքեցին մի շարք ապացույցներ, որի արդյունքում պատժվեցին Թուրինի «Յուվենտուսը» և Միլանի համանուն թիմը, «Ֆիորենտինան», «Ռեջինան», «Լացիոն»: «Յուվենտուսին» ուղարկեցին Բ Սերիա, իսկ «Միլանը» հաջորդ մրցաշրջանը սկսեց -8 միավորով՝ միավորի մինուս բալանսով:
Այժմ վերադառնանք Հայաստան, որտեղ ֆուտբոլի ֆեդերացիան և նրա Կարգապահական կոմիտեն (նախագահ՝ Ռուբեն Սինոյան), առանց իրավապահ մարմինների միջամտության, կարդացել են «Շիրակի» «դատավճիռը» և որոշել 12 միավոր հանել գյումրեցիներից՝ առաջնության ավարտից մի քանի օր առաջ, երբ թիմը միանձնյա գլխավորում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը:
Հատկապես ապշեցնում է Ռուբեն Սինոյանի հայտարարությունը, որում նա մասնավորապես ասել է. «Կարգապահական կոմիտեի վերոհիշյալ նիստը տևել է մոտ 6 ժամ, կոմիտեի անդամները հնարավորություն են ունեցել մանրամասն ու բազմակողմանիորեն քննարկելու «Բանանց» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբների գրությունները, «Բանանց» ակումբի ներկայիս և «Շիրակ» ակումբի նախկին ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի դիմումը, ինչպես նաև գործին կցված բազմաթիվ ապացույցները (այդ թվում տեսա և ձայնագրություններ, հաղորդակցության սղագրություններ և այլն): Թեև Արարատ Հարությունյանը հրաժարվել է մասնակցել նիստին, սակայն հեռախոսային կապի միջոցով պատասխանել է կոմիտեի անդամներին հետաքրքրող հարցերին»:
Ստացվում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ոչ ավել ոչ պակաս 6 ժամ է պահանջվում անելու այն, ինչ Իտալիայի նման երկրում մի քանի՝ 4-5 ամսվա ընթացքում անում են իրավապահ մարմինները: Ահա այստեղ է հարց առաջանում, թե երբվանից է ՀՖՖ-ն իր վրա վերցրել իրավական մարմինների գործառույթները և հեռախոսային կապի միջոցով ստացված պատասխաններով որոշում Հայաստանի ամենահեղինակավոր ակումբներից մեկի ճակատագիրը: Ի վերջո՝ խոսքը քրեական մեղադրանքների մասին է, և ոչ մի սպորտային կառույց ինքնուրույն չի կարող որոշումներ ընդունել:
Ի դեպ, նախկինում ևս հայկական ֆուտբոլում եղել են պայմանավորված խաղերին առնչվող դեպքեր, և այդ իրավիճակներում ՀՖՖ-ն դիմել է իրավապահ մարմիններին, որից հետո սկսվել է պրոֆեսիոնալ հետաքննություն: Իսկ ահա «Շիրակի» դեպքում ՀՖՖ-ն որոշել է ինքը կատարել դատարանի գործառույթները, ինչն էլ առաջացրել է գյումրեցիների արդարացի զայրույթը:
Երեկ հայտարարությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ իրեն իրավունք վերապահելով խոսել «Շիրակի» կողմից արված «հանցագործության» մասին: Հասկանալի է, որ Ռուբեն Հայրապետյանի հայտարարություն տարածելու պահին մեր երկրում դե ֆակտո չկար ոստիկանապետ, քանզի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել էր ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Վլադիմիր Գասպարյանին, և Վալերի Օսիպյանի նշանակման մասին պաշտոնական հայտարարություն չկար: Բայց սա ամենևին չի նշանակում, որ Ռուբեն Հայրապետյանը պետք է իրեն զգա ՀՀ ոստիկանապետ և տեղի ունեցած աղմկահարույց դեպքի վերաբերյալ շեշտադրումներ կատարի իրավական տեսանկյունից:
Ո՞ւմ աչքին է թոզ փչում Հայրապետյանը՝ փորձելով համոզել, որ «Շիրակի» նկատմամբ արդարացի որոշում է կայացվել: Ընդամենը 6 ժամում ավանդույթներով հարուստ թիմի ճակատագրի վրա քար գցելը կրկին անգամ խոսում է մոնոլիտ ֆուտբոլային համակարգի ամենաթողության մասին: «Շիրակի» նկատմամբ նման վերաբերմունքը ոչ միայն հարված է Գյումրիի թիմին, այլև հայկական ֆուտբոլին և ֆուտբոլասեր հասարակությանը: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ տխրահռչակ այս քայլը պետք է արժանի արձագանք ստանա հասարակության կողմից:
Հ․Գ․ ՀՖՖ ի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ֆեդերացիայի շատ աշխատակիցներ ևս անակնկալի են եկել բողոքարկման կոմիտեի նման հապճեպ որոշումից: Նման դեպքերում բողոքարկման կոմիտեն պետք է լսի նաև փորձագիտական կոմիտեին, որը ստեղծվել է հենց պայմանավորված խաղերի ուսումնասիրության նպատակով: Մեր աղբյուրը նշեց, որ փորձագիտական կոմիտեն վաղուց չի գործում (թեև պաշտոնական կայքում այդ մասին չի ասվում), ինչի արդյունքում էլ բողոքարկման կոմիտեն ողջ պատասխանատվությունը ստիպված է եղել վերցնել իր վրա:









































