ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կհանդիպի հունիսի 12-ին, Սինգապուրում: Այս մասին իր Twitter-ի իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահը:
«Իմ և հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի այնքան սպասված հանդիպումը տեղի կունենա Սինգապուրում հունիսի 12-ին: Մենք երկուսս էլ կփորձենք դա արտասովոր իրողություն դարձնել ողջ աշխարհի խաղաղության համար»,- գրել է Թրամփը:
Կիմ Չեն Ընն ավելի վաղ հույս է հայտնել, որ Թրամփի հետ հանդիպումը դրական փոփոխություններ կբերի տարածաշրջանին:
Այսօր CNN հեռուստաալիքը հաղորդել էր, որ ամենայն հավանականությամբ առաջնորդների հանդիպումը կկայանա Սինգապուրում:












































