Տաջիկստանում դատարանը 9,5 տարվա ազատազրկման է դատապարտել Հաթլոնի շրջանի բնակիչ Ալիջոն Շարիպովին այն բանի համար, որ վերջինս երկրում արգելված Տաջիկստանի իսլամական վերածննդի կուսակցության առաջնորդի ելույթների տեսագրությունների տակ սեղմել է «Like» կոճակը: Այդ մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Տեղեկացվում է, որ տղամարդը մեղավոր է ճանաչվել համաձայն երկրի քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի («Զանգվածային տեղեկատվության միջոցների կամ համացանցի կիրառման միջոցով հանրային կոչեր Տաջիկստանի Հանրապետության սահմանադրական կառույցի բռնի փոփոխության վերաբերյալ»):
Հետաքննության կարծիքով՝ Ռուսաստանում աշխատելու ընթացքում Շարիպովը մեծ հաճախականությամբ դիտել է արտաքսված կուսակցության քաղխորհրդի նիստերի և կուսակցության առաջնորդ Մուհիդին Քաբիրիի երկրի նախկին պաշտպանության նախարար Աբդուհալիմ Նազարզոդի հետ ունեցած զրույցների տեսագրությունները: Որպես աջակցության նշան Շարիպովը սեղմել է Like կոճակը, ինչպես նաև կիսվել այդ տեսանյութերով սոցցանցերի այլ օգտատերերի հետ:












































