«Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատեր Վարդանյան եղբայրները այսօր արել են ուշագրավ հայտարարություն, ասելով, որ մանդատը վայր են դնում ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունում, այսպես ասած, գործուղված իրենց ներկայացուցիչները, քանի որ իրենք վստահ են, որ նոր Հայաստանում չկա գործարարների՝ խորհրդարանում հայտնվելու կարիք: Սա իսկապես կարևոր և նշանային գործընթացների մասին վկայող մի հայտարարություն է խոշոր բիզնեսի շրջանակից, որում արտացոլվում է Հայաստանում թավշյա հեղափոխության առանցքային խնդիրներից մեկը՝ բիզնեսի և իշխանության, բիզնեսի և քաղաքականության տարանջատումը:
Միանգամայն պարզ է և հասկանալի, թե ինչու էր այսպես ասած հին Հայաստանում առաջացել այդ խնդիրը՝ գործարարների ԱԺ գործուղման: Դա նրանց պաշտպանության միջոցներից մեկն էր, սակայն ոչ միայն ուղիղ իրավական՝ պատգամավորական անձեռնմխելիության տեսանկյունից: Գործարարները խորհրդարան գնալով ապահովում էին նաև իշխանական մեծամասնություն, այսպես ասած՝ փող ծախսելով իրենց ընտրության համար ապահովում էին իշխանության ընդհանուր մեծամասնության անաղմուկ վերարտադրությունը: Դա գագաթնակետին հասցվեց վերջին խորհրդարանական ընտրությամբ: Եթե գործարարները չգնային դրան, ապա նույնպես կարող էին խնդիրներ ունենալ: Այդպիսով, ըստ էության ստացվում էր փակ շրջան, երբ բիզնեսը ստիպված էր զբաղվել քաղաքականությամբ, այլապես, քաղաքականությունը կզբաղվեր բիզնեսով: Նոր Հայաստանը պետք է աչքի ընկնի առաջին հերթին նրանով, որ, եթե բիզնեսը չզբաղվի քաղաքականությամբ, քաղաքականությունը պետք է չսպառնա զբաղվել բիզնեսով:
Ըստ այդմ, առանցքային հարցերից մեկը դառնում է այս իրավիճակի երաշխիքների ձևավորումը, որպեսզի բիզնեսը առանց երկմտանքի զբաղվի իր գործով, իսկ քաղաքականությանն առնչվի առավելագույնը քաղաքական լոբբինգի միջոցով, ինչպես քաղաքակիրթ աշխարհում, որը գուցե լավագույն մոդելը չէ, սակայն օպտիմալն է քաղաքական համակարգերի իմաստով: Ահա այդ իմաստով կարևոր է ոչ միայն նոր իշխանության քաղաքական նախաձեռնողականությունը, այլ նաև խոշոր գործարարների պատրաստակամությունը գնալ դրան ընդառաջ և չդիմադրել, այսպես ասած՝ «նաղդը» ի վերջո փոխել «նիսյայի» հետ, երբ խոսքը առնչվում է բիզնեսի ոչ թե առևտրային շահութաբերությանը կամ եկամտաբերությանը, այլ հասարակական-քաղաքական դերակատարությանը: Պետք է ներկայիս, այսինքն՝ «նաղդ» իշխանությունն ու քաղաքականությունը փոխարինել հեռանկարային, այսինքն՝ «նիսյա» երաշխիքներով, և այդպիսով թվում է, թե կարճաժամկետում կորցնելով, երկարաժամկետ առումով գտնել ավելի հուսալի համակեցության և պաշտպանության, սեփականության անձեռնմխելիության մեխանիզմներ ու միջոցներ, քան անձնական իշխանությունը ամեն գնով պահելը՝ այն էլ համահասարակական ատելության և քամահրանքի պայմաններում:
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, ի վերջո, հենց բիզնես վերնախավի այդ խորքային և ընդգրկուն գիտակցության շնորհիվ է համակարգային զարգացում ապրել և ձևավորել սեփականության անձեռնմխելիության և անձի իրավական պաշտպանության ինստիտուցիոնալ մեխանիզմներ, պարզունակ իշխանապահպանության փոխարեն: Այդ տեսանկյունից, ի դեպ, ուշագրավ է մայիսի 8-ին ՀՀԿ խմբակցությունից Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկած պատգամավորների կազմը: Թեև խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ամենևին պետք չէ կողմ քվեարկող ՀՀԿ-ականներին դիտարկել մնացյալից առանձին, այդուհանդերձ, կազմն ինքնին ուշագրավ էր, քանի որ ներառում էր մի շարք խոշոր սեփականատերերի: Ինչպես էին նրանք ընտրվել, ինչու հենց նրանք պետք է կողմ քվեարկեին, պարզ չէ, ՀՀԿ-ն չի բացահայտել ընտրության սկզբունքը:
Սակայն առնվազն տողատակում խնդիրը իսկապես արտացոլված է, ու գուցե նաև այդ հարցում նոր իշխանության, ավելի շուտ հանրային իշխանության հետ հետագա համակեցության նոր կանոնները քննարկելու այդ անձանց պատրաստակամությունը: Ի վերջո, նրանք, խոշոր հաշվով, ընտրության առաջ են՝ հեռանա՞լ, թե՞ ապրել նոր Հայաստանում:
Լուսանկարը՝ Photolure-ի










































