2008-ին ստեղծված արտակարգ իրավիճակների նախարարությունն ամենաերիտասարդն է Հայաստանում, սակայն իրավացիորեն լավագույններից մեկն է համարվում: «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն նախապայման» խորագրով այսօր տեղի ունեցած երկօրյա համաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Նրա խոսքով՝ մեր երկիրն առաջինն էր տարածաշրջանում, որ ունեցավ աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ, ինչպես նաև դրա հիմքի վրա ստեղծված ճգնաժամային կառավարման կենտրոն:
«Ներկայումս գործում է ճգնաժամային կառավարման կենտրոնի 911 համարը, որին օրական 6-8 հազար հեռախոսազանգ ենք ստանում: Մեր դռները բաց են բոլորի առջև»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը երկու տարի առաջ անդամության հայտ է ներկայացրել INSARAG (International Search and Rescue Advisory Group) միջազգային որոնողա-փրկարարական կազմակերպությանը: «Չափանիշներն այնտեղ շատ խիստ են: Կազմակերպությանը ներկայումս անդամակցում է ընդամենը 40 երկիր»,- ասաց Արմեն Երիցյանը:
Անդրադառնալով Սպիտակի ավերիչ երկրաշարժին՝ ԱԻ նախարարը նկատեց, որ այն ամենաուսումնասիրվածներից մեկն է աշխարհում: «Սպիտակի երկրաշարժից հետո բազմաթիվ վերլուծություններ արվեցին, թե ինչպես մի քանի վայրկյանում կարող են շենքերը հողին հավասարվել: Ընդհանրապես, Հայաստանը եզակի երկիր է: Մենք երկրաշարժերի առնվազն 2 հազար տարվա պատմություն ունենք: Մեր բոլոր մայրաքաղաքները երկրաշարժերի են ենթարկվել: Իսկ Սպիտակի երկրաշարժը, որ տասնյակ հազարավոր կյանքեր արժեցավ, կարող էր նման աղետալի հետևանքներ չունենալ, եթե խորհրդային երկաթյա վարագույրը միջազգային հանրության համար չբացվեր երեք օր ուշացումով:
Այսօր՝ Սպիտակի երկրաշարժից 25 տարի անց, իմ և Հայաստանի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր այդ օրերին հայ ժողովրդի կողքին էին և մեր մատից փուշ էին հանում»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ բոլորը պետք է գիտակցեն, որ երկրաշարժեր եղել և միշտ էլ լինելու են, հետևապես պետք է համախմբված դիմակայել դրանց: «ՀՀ ԱԻՆ-ն այսօր միջազգային սեյսմիկ կենտրոն է կառուցում Գառնիում, որտեղ ներդրվելու է աշխարհում եզակի, Երկրի ընդերքի ամենափոքր շարժերն իսկ գրանցող դեֆորմոգրաֆը»,- տեղեկացրեց նա:
Համաժողովի ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի և աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի հիշատակը:
Այնուհետև Արմեն Երիցյանը 1988-ի Սպիտակի երկրաշարժի փրկարարական աշխատանքների ակտիվ մասնակցության և ԱԻՆ-ի հետ սերտորեն համագործակցելու համար «Անվեհեր փրկարար» մեդալով պարգևատրեց ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման (OCHA) Ժնևյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռուդոլֆ Մյուլլերին և ԱՄՆ Քանզասի փոխնահանգապետ Ջեֆ Քոյլերին:
Համաժողովին ներկա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան էլ իր հերթին նկատեց, որ Հայաստանն իր կլիմայի և աշխարհագրական դիրքի պատճառով աղետների նկատմամբ շատ խոցելի է:
«Սպիտակի երկրաշարժը դրա վկայությունն է: Սակայն բնության աղետների հետևանքները նվազագույնի հասցնելու գործում մեզ կարող է օգնել հասարակության իրազեկվածությունը: Աղետների կառավարումը շատ կարևոր է երկրի կայացման համար»,- նշեց նա:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի









































