ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թեհրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշում կայացնելով, Ամերիկան պակաս անվտանգ է դարձրել։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ Թրամփի որոշումը մեծ սխալ անվանելով։
«Դա Ամերիկան պակաս անվտանգ և պակաս հուսալի է դարձնում։ Իրանն այժմ ավելի վտանգավոր է։ Ո՞րն է B ծրագիրը։ Ցանկացած ոք, որը կարծում է, թե պատասխանը կլինի ռմբակոծությունը, ըստ երևույթին, ապատեղեկացված է»,-գրել է նա։
Քլինթոնը հիշեցրել է, որ օգնել է Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներ սահմանելու բանակցությնուններում, որոնք օգնեցին Թեհրանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել։ Նրա խոսքով՝ երկրորդ անգամ ավելի բարդ կլինի սահմանափակող միջոցառումներ սահմանել, հատկապես, երբ տուժել է ԱՄՆ հեղինակությունը։
«Ավելի բարդ կլինի պայքարել նաև մյուս սպառնալիքների դեմ, ինչպես՝ բալիստիկ հրթիռներն ու ահաբեկչությունը։ Այժմ մենք լծակներ չունենք, և Իրանն ազատ է անելու ինչ ցանկանա»,-հավելել է Քլինթոնը։










































